Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Անպատժելիությունը նոր ոճիրներ է ծնում


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ) գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նույն օրը Նալբանդյանը ելույթ է ունեցել կոնֆերանսի լիագումար նիստին՝ մասնավորապես ասելով․ - «Հայաստանը շարունակաբար հրավիրել է այս բարձր մարմնի ուշադրությունը հարևան Ադրբեջանում գտնվող հայկական մշակութային ժառանգության ողբալի իրավիճակի վրա: Միայն Նախիջևանի շրջանում հազարավոր միջնադարյան խաչքարեր, հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր և այլ սրբավայրեր ամբողջությամբ ոչնչացվել են Ադրբեջանի կողմից, ինչը նպատակ է հետապնդում վերացնել այն ժողովրդի հետքերը, որը դարեր շարունակ բնակվել է այս շրջանում և ովքեր այն կոչել են «Նախիջևան», ինչը հայերեն տառացիորեն նշանակում է «առաջին իջևան»՝ նկատի ունենալով աստվածաշնչյան Նոյի իջևանած առաջին վայրը»:

Նա հիշեցրել է, որ վերջերս Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը 2015 թվականի համար հրապարակած զեկույցում «խոսելով Նախիջևանում վանդալիզմի ենթարկված հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ օրինակ բերելով Բաքվում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործվում է որպես նախագահի աշխատակազմի արխիվ, և բռնագրավված Լյութերական եկեղեցին, որը վերածվել է համերգասրահի»: Եթե մենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն և այլ միջազգային կազմակերպությունները, քայլեր չձեռնարկենք այսօր, ինչպիսի՞ ապագա է վաղը սպասում այս և բազմաթիվ այլ վտանգված հուշարձաններին», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ ահաբեկիչների կողմից բազմաթիվ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինավուրց Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են: «Դրանք հիշեցնում են նմանատիպ բարբարոսությունները՝ Բամիասի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժվեցին՝ ճանապարհ հարթելով նոր հանցագործությունների համար: Պատմությունը վկայում է, որ անպատժելիությունը նոր ոճրագործություններ է ծնում», - հայտարարել է Նալբանդյանը:

Համաժողովին մասնակցում են ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը և բյուջեն։

Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG