Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ հանրաքվեն կլինի ազատ և արդար


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին, ով Հայաստան է ժամանել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու առիթով:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի այն անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում համագործակցել և բարձրորակ մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

«Նախագահը կարևորել է պարոն Բուքիքիոյի այն ուղերձները, որոնք Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների կապակցությամբ հասցեագրվել էին Ազգային ժողովին»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ջիանի Բուքիքիոն ևս բարձր է գնահատել Հայաստանի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովի, որպես չեզոք, անկողմնակալ, ոչ քաղաքական մարմնի, միակ խնդիրն իրական ժողովրդավարության ապահովումն է: Նա նաև հույս է հայտնել, որ հանրաքվեի անցկացման գործընթացը կլինի ազատ, արդար ու թափանցիկ, և դրա արդյունքում ընդունված փաստաթուղթը մեծ քայլ կլինի ժողովրդավարության հետագա զարգացման ուղղությամբ:

«Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումներն արժանացել են դրական գնահատականի: Ես շատ լավ հիշում եմ՝ 2004 թվականին Հայաստանում շատ քաղաքական կուսակցություններ, հատկապես ընդդիմությունից, կառավարման խորհրդարանական համակարգ էին ցանկանում: Բայց այդ ժամանակ դրա իրականացումը հնարավոր չէր: Այժմ կա նման հնարավորություն: Սա միտում է, որն առկա է եվրոպական բոլոր երկրներում՝ անցումը խորհրդարանական համակարգին:

Այս տեսանկյունից սա քայլ առաջ է: Նախագծի մի շարք այլ գլուխներում ևս բարելավումն առկա է, մասնավորապես, մարդու իրավունքներին վերաբերող բաժնում: Այն ամբողջությամբ համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին»,- մասնավորապես, ասել է Բուքիքիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG