Հոկտեմբերի 10-11-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների արտաքին գործերի նախարարներին: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանի անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ համաժողովի ընթացքում կքննարկվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային խնդիրները, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, որոնց վերաբերյալ կընդունվեն համապատասխան բանաձևեր։
Համաժողովին հաջորդելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի պաշտոնական այցը Հայաստան:
Նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված է նաև հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը:
Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից և Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երևանում և Գյումրիում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ուր կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների և հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում: