Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ


ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, երկու պետությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից երկուստեք կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այցելություն կատարել Հայաստան, որը նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհակալությամբ ընդունել է:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը մտքեր են փոխանակել երկու երկրների համար օրակարգային հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնց նախագահները հանգամանորեն կանդրադառնան նաև վաղը կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում:

ՀՀ նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ՀՀ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG