Մատչելիության հղումներ

Ռիչարդ Միլսը ներկա է գտնվել հայ և թուրք տուրօպերատորների հանդիպմանը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը ներկա է գտնվել հայ և թուրք տուրօպերատորների հանդիպմանը:

ԱՄՆ-ի դեսպանության փոխանցմամբ՝ տուրօպերատորների ցանցը ձևավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները:

«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը», - ասել է դեսպանը՝ հավելելով. - «Համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:

«Հայ և թուրք տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Թուրք տուրօպերատորները տուրիզմի կայացած ոլորտ են ներկայացնում և ձգտում են ավելի բազմազան դարձնել դեպի Թուրքիա առաջարկվող ավանդական տուրիստական փաթեթները: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ: Տուրօպերատորների ցանցը հեշտացնում է միջսահմանային ճամփորդությունների շուրջ համագործակցությունը», - ասված է դեսպանության հողորդագրությունում։

«Միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ», - ասել է Միլսը:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տուրիզմի ոլորտի հետ սկսել է աշխատել 2000 թվականից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG