Մատչելիության հղումներ

Տղամարդը կրակել է կնոջ վրա, ապա ինքնասպան եղել


Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Այսօր առավոտյան «Վերարտադրողական առողջության պերինտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից» ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ բարձրացել է 4-րդ հարկ և թիվ 407 հիվանդասենյակում կրակել իր կնոջ վրա, որից հետո ինքնասպան եղել:

Ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թվականին ծնված Հայկ Վարդանյանը ժամը 10.10-ի սահմաններում նշված հիվանդասենյակում կրակել է իր կնոջ` 1988 թվականին ծնված Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել:

Կինն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն՝ կյանքը փրկելու համար։ Կնոջ առողջական վիճակը ներկայումս գնահատվում է ծանր։

«Հայտնաբերվել են բազմաթիվ, գնդակային, բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում», - հայտնել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Տուժած կինը ավելի վաղ կեսարյան հատմամբ երեխա է ունեցել, երեխան կրակոցների ժամանակ հիվանդասենյակում չի եղել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու հոդվածով: Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 պարկուճ, 1 գնդակ, հրազենային վնասվածք՝ հիվանդասենյակի բազմոցին, երկու ատրճանակ (մեկը` տղամարդու տաբատի գրպանում)։

Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական փորձաքննություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG