Մատչելիության հղումներ

Կրեմլը հուսով է, որ Հայաստանում տարաձայնությունները շուտափույթ կկարգավորվեն


Դմիտրի Պեսկով, արխիվ
Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում տարաձայնությունները շուտափույթ կերպով կկարգավորվեն: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի գործող օրենսդրության սահմաններում կգտնվեն բոլոր հարցերի պատասխանները։ Մենք Հայաստանին մաղթում ենք հանգստություն, բարգավաճում և առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորում», - ասել է Պեսկովը։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ղեկավարության հետ որևէ շփում կա, Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան ու Երևանը «սերտ և գործընկերային հարաբերություններ ունեն և միասին մասնակցում են ինտեգրացիոն գործընթացների։ Այդ շփումները մշտապես առկա են»։

Կրեմլի ներկայացուցիչը, սակայն, չի պատասխանել իրավիճակի զարգացման կանխատեսումների մասին հարցին. - «Մենք կանխատեսումներով չենք զբաղվում»։

Միջազգային հարցերով Ռուսաստանի դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, իր հերթին, չի բացառում, որ Երևանում բողոքի ակցիաների հետևում կարող են կանգնած լինել արտասահմանյան հասարակական կազմակերպությունները։

«Կասկած չկա, որ այն դեպքերում, երբ անհրաժեշտ է այս կամ այն երկրում ապակայունացնել իրավիճակը, հասնել օրինական, բայց տվյալ պետություններին ոչ հավատարիմ ռեժիմի հեռացմանը, հասարակական կազմակերպությունները ֆինանսավորում են ստանում արտասահմանից և ակտիվորեն օգտվում են դրանից», - ասել է նա:

Կոսաչովը նաև ընդգծել է, որ Հայաստանը ապահովագրված չէ «գունավոր հեղափոխությունից» և չի բացառել, որ Երևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են տեղափոխվել քաղաքական դաշտ։

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ևս Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս է հայտնել։

Պետդումայի ստորին պալատի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ հունիսի 19-ին մարդիկ դուրս են եկել փողոց՝ սակագների բարձրացման դեմ խաղաղ բողոքի ցույցով, «իսկ այսօր՝ հինգ օր անց, մենք տեսնում ենք, որ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները շարունակվում են»։

«Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի հետ, որտեղ ամեն ինչ սկսվեց ավտոմայդանից և վերջացավ պետական հեղաշրջմամբ ու քաղաքացիական պատերազմով», - հայտարարել է Սլուցկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG