Մատչելիության հղումներ

Նախագահը հայ - ճապոնական կապերի խորացում է ակնկալում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանը շնորհավորել է Տագուչիին և ընդգծել, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն է՝ լինել առաջին ռեզիդենտ դեսպանը և ներդրում ունենալ երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության շարունակական ամրապնդման գործում: Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկա է արձանագրվել, և հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի նորաբաց դեսպանության աշխատանքը կնպաստի այդ դինամիկան պահպանելու, բոլոր բնագավառներում հայ - ճապոնական բարեկամական կապերը խորացնելու և երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու գործին:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2012-ին Ճապոնիա կատարած իր այցը և արդյունավետ հանդիպումները, որոնք, Սերժ Սարգսյանի խոսքով, նոր խթան հանդիսացան համագործակցության երկկողմ օրակարգն ընդլայնելու և առաջ մղելու գործում:

Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ պահպանելու երկկողմ միջպետական հարաբերություններում ձեռք բերված առաջընթացն ու խորացնելու փոխըմբռնմանն ուղղված շփումները և համագործակցությունը տնտեսության, մշակույթի ու մի շարք այլ բնագավառներում:

Երեկ դեսպան Տագուչին իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Հայաստանի արտգործնախարարին:

Երևանում Ճապոնիայի դեսպանությունը, հիշեցնենք, սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG