Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին


Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ
Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ

Երեկ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է գործընկեր պետությունների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող «Վճռական աջակցություն» և KFOR գործողություններում, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ»-ում ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացված նիստերի ընթացքում ծավալվել են քննարկումներ Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգային իրավիճակի, կոալիցիոն զորքերի գործողությունների ընթացքի և հարատև կայունության հաստատման հեռանկարների վերաբերյալ:

Նույն օրը Խաչատուրովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գեներալ Ադրիան Բրադշոուի հետ:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ռազմական զարգացումները, առաջնագծում տեղի ունեցած վերջին միջադեպերը, միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցության հեռանկարները:

Իր հերթին, Բրադշոուն երախտիքի խոսքեր է ասել Աֆղանստանում և Կոսովոյում անցկացվող կոալիցիոն առաքելություններին Հայաստանի Զինված ուժերի շարունակական մասնակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG