Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը հաստատեց ատոմակայանի շահագործման երկարաձգման համար ռուսական վարկի համաձայնագիրը


Մեծամորի ատոմակայան, արխիվ
Մեծամորի ատոմակայան, արխիվ

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հանձնաժողովի աշխատակազմը, վկայակոչելով Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին, նշում է, որ համաձայնագրի նպատակն է երկարաձգել հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը:

Փոխնախարարը ներկայացրել է նաև 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:

Փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչև 270 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ Հայաստանի տարածքում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG