Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակությանը


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ Ալ-Լահամի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

ԱԺ նախագահի խոսքով՝ Սիրիան մեր պատմության մեջ ունեցել է ճակատագրական նշանակություն. 20-րդ դարի սկզբում նա ապաստան է տվել հազարավոր հայ գաղթականների:

Խոսելով Սիրիայում ընթացող պատերազմի մասին՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև Սրբոց նահատակաց եկեղեցու ոչնչացմանը և իր մտահոգությունը հայտնել սիրիացի ժողովրդին բաժին հասած արհավիրքների համար:

Մուհամմադ Ջիհադ Ալ-Լահամը նշել է, որ չնայած Սիրիայում տիրող իրավիճակին՝ իրենք նախընտրել են այս օրերին լինել եղբայրական հայ ժողովրդի կողքին, կիսել նրա վիշտը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ նա նշել է, որ այդ երկիրը ծայրահեղական իսլամիստական գաղափարախոսության կրողն է:

Մուհամմադ Ջիհադ Ալ-Լահամը, կարևորելով Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները, նշել է, որ պետք է պայքարել ցեղասպանությունների, պատերազմների և բնաջնջումների դեմ՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով ծայրահեղականության և ժխտողականության բոլոր դրսևորումների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG