Մատչելիության հղումներ

Նախագահը բարձր է գնահատել «Գազպրոմ»-ի գործունեությունը Հայաստանում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։ Հանդիպման ժամանակ Միլլերը նախագահին ներկայացրել է Հայաստանում իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, որոնցում, ըստ նրա, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:

Նախագահականի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

«Ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային գործընկերությունը բոլոր ոլորտներում դինամիկ զարգանում և ամրապնդվում է, Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորել է տնտեսական բաղադրիչը, որտեղ զգալի դեր ունի գազաէներգետիկ ոլորտը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Պաշտոնական աղբյուրը նաև հայտնում է, որ նկատի առնելով ընկերության աշխատանքը, նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահը Միլլերին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ բարձր պարգևի և իր ղեկավարած ընկերության գործունեությունը նման գնահատականի արժանացնելու, ինչպես նաև «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևանում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին այսօր ներկա գտնվելու համար:

Նա վստահեցրել է, որ «Գազպրոմ» ընկերությունն այսուհետ ևս պատրաստ է մեծ պատասխանատվությամբ և նախատեսված ժամկետներում Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները՝ այդպիսով նպաստելով նաև հայ-ռուսական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG