Մատչելիության հղումներ

Պեսկով․ Ապրիլի 24-ին Պուտինի Երևան այցի հարցը դեռևս դիտարկվում է


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 24-ին Երևան այցի հարցը ներկա պահին «դիտարկվում է»: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հարցը դեռևս դիտարկվում է, մենք համապատասխան հայտարարություն կանենք», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Միաժամանակ, նա հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայում կազմակերպվելիք միջոցառումներին՝ նվիրված Չանաքկալեի ճակատամարտի 100-ամյակին, Ռուսաստանը ներկայացված կլինի «բարձր մակարդակով»:

«Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով ներկայացված կլինի հիշատակի միջոցառումներին՝ ծրագրված մեր թուրք գործընկերների կողմից Չանաքկալեում», - ասել է Պեսկովը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտնել էր, որ Երևանում սպասում են Պուտինի այցին, հիշեցնում է «Ինտերֆաքս»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG