Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլյա Մինասյանին:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլյա Մինասյանը նախագահին ներկայացրել է իր ծրագրերը՝ ընդգծելով, որ շուրջ 25 տարի է, ինչ զբաղվում է ավտոմոբիլային սպորտաձևով, և իր երազանքն է Հայաստանում հիմնել այդ սպորտաձևի դպրոց, մարզել երիտասարդներին, ինչպես նաև ստեղծել Հայաստանի դրոշի ներքո աշխարհում հանդես եկող ավտոմրցավարորդների լավ թիմ:
Նիկոլյա Մինասյանի հավաստմամբ, այդ սպորտաձևը կծառայի բարեգործական նպատակների՝ աջակցություն ցուցաբերելով Հայաստանի կարիքավորներին:
Սերժ Սարգսյանը ողջունել է հանրաճանաչ ավտոմրցավարորդի ծրագրերը և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, աջակցել դրանց իրականացմանն ու Հայաստանում այդ սպորտաձևի զարգացմանը: