Մատչելիության հղումներ

Տոնոյան․ Ծառուկյանը չի հեռանում քաղաքականությունից և վայր չի դնում մանդատը


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ քաղաքականությունում և չի հրաժարվում պատգամավորական մանդատից, «Ազատության»-ը փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությունում արդեն ասել է, որ իր բոլոր քայլերը բխում են ժողովրդի շահերից, նրա համար յուրաքանչյուր մարդու կյանք շատ ավելի թանկ է, քան ցանկացած ուրիշ որևէ բան», - ասաց ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակը։

Տոնոյանն ասաց, որ Ծառուկյանի կարծիքով՝ առկա խնդիրները հնարավոր է քննարկել և լուծել միայն օրինական ու քաղաքական ճանապարհով, «այլապես բոլորն էլ գիտեին՝ ինչի էին հանգեցնելու իրադարձությունները»։

Հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանի գերխնդիրը շարունակում է մնալ իշխանափոխությունը, Տոնոյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի առաջնորդի գերխնդիրը շարունակում է մնալ ժողովրդի շահը։

Իսկ հարցին, թե ԲՀԿ առաջնորդը շարունակո՞ւմ է վերջին ելույթում իր հնչեցրած կարծիքներին հավատարիմ մնալ, խոսնակը պատասխանեց, որ ելույթում ամեն ինչ ասված է։

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին՝ Տոնոյանը ասաց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել։

«Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհուրդը, հիշեցնենք, այսօր հայտարարեց, որ «հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից»` որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքը:

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG