Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղում է


Երկապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյան, արխիվ
Երկապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղում է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) պատվիրակությունը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, որին այսօր ընդունել են Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, պատվիրակության հետ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ-ի և Արցախի ազատամարտիկների միության գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Լեռնային Ղարաբաղի նախագահը կարևորել է ԵԿՄ-ի անդամների պարբերական այցելությունները Ղարաբաղ և սահմանագիծ՝ նշելով, որ նրանք մեծապես նպաստում են հայրենիքի պաշտպանների տարբեր սերունդների միջև ամուր կապերի պահպանմանն ու զինվորական ավանդույթների ամրապնդմանը:

Արայիկ Հարությունյանը, իր հերթին, հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկրապահ կամավորականների մեծ ներդրումը ղարաբաղյան պատերազմում հաղթանակում, ինչպես նաև զինադադարից հետո նրանց պարբերական այցելությունները և ազատամարտիկների ու դիրքապահ զինվորների հետ մշտական կապը:

Լեռնային Ղարաբաղի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ երկրապահները մշտապես պատրաստակամ են իրենց մասնակցությունը ունենալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ու շենացման գործում: ԵԿՄ-ի նախագահն ասել է, որ «յուրաքանչյուր հայ պետք է իր նպաստը բերի հայրենիքի այս հատվածի բարգավաճման գործին՝ Արցախը դիտարկելով որպես Հայաստանի հարատևման երաշխիք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG