Մատչելիության հղումներ

Օհանյան. Զինվորի սպանության բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ


Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկում հունվարի 29-ին զինվորի սպանության առնչությամբ այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նախաքննությամբ պարզվել էր, որ կուրսանտը սպանվել է։ Նրա սպանության գործով 4 զինվոր է ձերբակալվել, ովքեր Բարսեղյանի ծառայակիցներն են։

Այսօր նախարար Սեյրան Օհանյանը այցելել է դեպքի վայր` խորհրդակցություն հրավիրելով ուսումնական զորամասի հրամկազմի հետ:

«Անդրադառնալով միջադեպին` պաշտպանության նախարարը նշել է, որ տեղի ունեցածը չափազանց մեծ ցավ ու ողբերգություն է և թիկունքից հարված է ողջ զինված ուժերին: Լսելով դեպքին առնչվող բոլոր նյութերի մանրամասները` նախարարն իր վրդովմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ որոշ սպաների անհետևողական աշխատանքի, ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով զորամասում գլուխ են բարձրացրել արատավոր բարքերը, որոնց արդյունքում էլ ծնվել է հանցագործությունը»,- փոխանցում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ խստորեն հանդիմանելով ուսումնական զորամասի ամբողջ հրամկազմին` Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմել հեռանկարային պլան` հայտնաբերված թերությունները վերացնելու և ուսումնական գործընթացը հիմնովին բարելավելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG