Մատչելիության հղումներ

Հայրը ձերբակալվել է որդուն կացնով սպանելու կասկածանքով


Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 75-ամյա բնակիչ Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել է որդուն՝ 47-ամյա Գերման Ոսկանյանի սպանելու կասկածանքով:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան Ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում երեկ Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով: Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Կարապետ Ոսկանյանը:

«Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել», - փոխանցում է Ոստիկանությունը՝ հայտնելով նաև, որ հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է, Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել է և հանձնվել նախաքննական մարմնին:

Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպանություն», հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG