Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն Պաշտպանության նախարարությունում


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է նախարար Սեյրան Օհանյանը և որին մասնակցել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, փոխնախարարները և գլխավոր շտաբի պետի տեղակալները, ռազմական գերատեսչության վարչությունների և բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքները, քննարկվել են ձմեռային ուսումնական փուլի, ինչպես նաև Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման միջոցառումներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Յուրի Խաչատուրովը հաշվետու զեկույց է ներկայացրել Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին գրանցված միջադեպերի, հակառակորդի սանձազերծած սադրիչ գործողությունների և դրանց ի պատասխան ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Հաշվի առնելով եղանակային պայմանների վատթարացումը` Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմանների ապահովման, անձնակազմի հիվանդացության և ցրտահարության դեպքերի բացառման, զինվորների` հատկապես նորակոչիկների առողջական գանգատներին լրջորեն արձագանքելու վրա: Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG