Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպեց Մինսկի խմբի համանախագահների հետ


Լուսանկարը՝ արտգործնախարարության
Լուսանկարը՝ արտգործնախարարության

Աշխատանքային այցելությամբ Բազելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների, ուսումնավարժական թռիչք իրականացնող` Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա։

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG