Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ ՀՔԾ-ին հիմնականում հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները


Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՔԾ աշխատակազմին է ներկայացնում ծառայության նորանշանակ ղեկավար Վահրամ Շահինյանին, 6-ը մայիսի, 2014թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՔԾ աշխատակազմին է ներկայացնում ծառայության նորանշանակ ղեկավար Վահրամ Շահինյանին, 6-ը մայիսի, 2014թ․

Գործունեության յոթ տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաստատել է իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունը Հայաստանի իրավապահպան մարմինների համակարգում, գրել է նախագահ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում:

Նախագահը նշել է ծառայության «հետևողական առաջընթացի և զարգացման, հանցավորության դեմ պայքարում արձանագրվող դրական ցուցանիշների մասին» և առանձնահատուկ ընդգծել «հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու, ինչպես նաև ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում ծառայության դրսևորած սկզբունքայնությունը, զսպվածությունն ու անաչառությունը»:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ ծառայությանը հիմնականում հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները, ձևավորվել է արդի մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու ունակ քննիչներից կազմված անձնակազմ, կառույցի քննչական ենթակայությանը վերապահված քրեական գործերով իրականացվում է որակյալ նախաքննություն:

«Անհրաժեշտ է այսուհետ ևս շարունակել և ավելի բարելավել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման, հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքները», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, գրել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ - «Վստահ եմ, որ սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ, կուտակված փորձով, մասնագիտական բարձր գիտելիքներով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կարողանալու եք պատվով կատարել ծառայությանը օրենսդրությամբ վերապահված բարդ ու դժվարին գործառույթները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG