Մատչելիության հղումներ

«Ղ․Տելեկոմ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցը՝ կալանավորում


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակում երեկ մեղադրանք է առաջադրվել «Ղ.Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության քարտերի վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանին` ավելի քան 750 մլն դրամի (1.73 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր հափշտակելու համար:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կույումջյանը 2006 թվականի օգոստոսի 21-ից աշխատել է «Ղ.Տելեկոմ» ընկերության Կապան քաղաքի սպասարկման կենտրոնում՝ որպես ավագ համակարգող, իսկ 2010 թվականի հուլիսի 26-ից` վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու: «Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ` Ա. Կույումջյանը 2010 թվականից մինչև 2014 թ. հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում նույն ընկերության` Երևան քաղաքում գտնվող պահեստից ստացել է «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների համար նախատեսված տարբեր տեսակի նյութական արժեքներ, այդ թվում` 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 717․579 հատ լիցքավորման քարտ: Քննության տվյալների համաձայն` նա յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված, ընկերությանը պատկանող 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 702․779 հատ լիցքավորման քարտը», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աշոտ Կույումջյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացում», Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատիժը չորսից մինչև ութ տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG