ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը Մշտական խորհրդի նիստին հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, անդրադառնալով Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցմանը՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է փրկարարական խմբերի փորձերը` մոտենալու ուղղաթիռի անկման վայրին՝ անընդհատ հրաձգության տակ պահելով տեղանքը:
«Ընդգծվեց, որ Կարմիր խաչի միջազգային լոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների փորձերը` ներգրավվելու անձնակազմի անդամների տարհանման և տեղանքի դիտազննման աշխատանքներին, մերժվել են Ադրբեջանի կողմից: Դրանով իսկ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի հանձնառությունները, որոնք նախատեսում են հակամարտությունների բոլոր կողմերի պարտավորությունը` առանց որևէ հետաձգման ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները` փնտրելու և հավաքելու վիրավորներին, հիվանդներին և զոհվածներին:
ՀՀ առաքելությունը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և դադարեցնել անձնակազմին մոտենալը կանխարգելելուն միտված զինված գործողությունները: Շեշտվեց, որ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունն իրավիճակի սրման համար», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում: