Մատչելիության հղումներ

Խաբեությամբ գումար են վերցրել՝ «զինծառայությունից ազատելու համար»


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացի Սպարտակ Կառլենի Համբարձումյանը և նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մարատի Մանուկյանը, չարաշահելով քաղաքացիներ Վարդան Ռազմիկի Ավետիսյանի և Ժորա Սարգսի Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20.000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար, որպեսզի համապատասխանաբար Վ. Ավետիսյանի որդուն` Անդրանիկ Ավետիսյանին, և Ժ. Պալոյանի որդուն` Սարգիս Պալոյանին, հիվանդության պատրվակով ազատեն զինվորական ծառայությունից, ինչը, սակայն, կանխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում», - ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Փաստի առթիվ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի («Խարդախություն») 3-րդ մասի հատկանիշներով, որով սահմանված է 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Տիգրան Մանուկյանը և Սպարտակ Համբարձումյանը ձերբակալվել են:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ծնողներին զերծ մնալ անօրինական ճանապարհով իրենց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից հիվանդության պատրվակով ազատելու, բնակության վայրին մոտ զորամասերում ծառայության նշանակելու կամ զինծառայության հետ կապված այլ անօրինական գործողություններ կատարելուց: Ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նմանատիպ դեպքերը բացառելու, կանխելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG