Մատչելիության հղումներ

Միջնորդները Փարիզում ակնկալում են «հիմնական պահերի լուրջ քննարկումներ»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երևանում, մայիս, 2014թ․
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երևանում, մայիս, 2014թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ առաջիկա օրերին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ ակնկալում են խաղաղ համաձայնագրի հիմնական պահերի լուրջ քննարկումներ: Այդ մասին APA լրատվական գործակալության հարցին ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունում:

Ինչպես նշված է համանախագահների անունից մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, միջնորդները կարծում են, որ նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում կողմերի միջև «փոխգործողության ուղի» են հարթել:

«Մենք նաև հուսով ենք, որ նախագահները կպայմանավորվեն փոխադարձ վստահության և թափանցիկության հասնելուն ուղղված միջոցների վերաբերյալ: Համանախագահները պատրաստ են հնարավորինս օգնություն ցուցաբերել այդ ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Համանախագահները շեշտում են, որ իրենց կարծիքով՝ «Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որին կողմերը վստահում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով»:

Միջնորդները կարծում են նաև, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի ազդի ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա․ - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե ինչ-որ պայմանագրի կամ դաշինքի միանալուց: Համանախագահները հուսով են, որ վերջին շփումներից հետո կողմերը կարող են տրամադրվել խաղաղության»:

Համանախագահները հրաժարվել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի երկու դիվերսանտների դատավարության մեկնարկը հոկտեմբերի 27-ին նշանակելու մասին տեղեկատվությունը մեկնաբանելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG