Մատչելիության հղումներ

ՌԴ գյուղնախարար. Հայկական արտադրանքը մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում


Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, արխիվ
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, արխիվ

Հայկական արտադրանքը իր որակի շնորհիվ մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում, հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը՝ նախօրեին ընդունելով եռօրյա այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին։

Ըստ ռուս նախարարի, 2013 թվականին պարենային ապրանքների ներմուծման ծավալները, նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 12 տոկոսով։ Նրա կանխատեսումներով, այդ ցուցանիշը ընթացիկ տարում կպահպանվի և ավելացման միտում ունի:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարար Ֆյոդորովը տեղեկացրել է նաև, որ ձկնամթերքի ներմուծումներ իրականացնելու համար ևս երեք հայկական ձկնարդյունաբերական ձեռնարկությունների տրվել է «Ռոսսելխոզնադզոր»-ի արտոնագրեր:

Հանդիպման ընթացքում Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը անդրադարձել է Հայաստանից Ռուսաստան կենդանական ծագման արտադրանքի արտահանման արգելքի խնդրին, ինչպես նաև «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքին: Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ փաստացի արգելքների հանման պարագայում հնարավոր կլինի կրկնապատկել Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման ծավալները:

Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրություններ կատարել հայկական մսամթերքի շուկայում՝ նշելով, որ համապատասխան մասնագիտական խումբը Հայաստան կժամանի այս տարվա նոյեմբերին:

Անդրադառնալով «Վերին Լարս» սահմանային անցակետի գործունեությանը` դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ հարցը քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի վերջերս Սոչիում կայացած հանդիպման ընթացքում:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Ռուսաստանում թողարկվող գյուղատնտեսական տեխնիկան նպաստավոր պայմաններով Հայաստան ներկրելու խնդիրը: Ռուսաստանի գյուղնախարարը հայտնել է, որ այն կքննարկվի «Ռոսագրոլիզինգ» կազմակերպության հետ և այդ մասին կտեղեկացնեն հայկական կողմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG