Երեկ Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները անդրադարձել են առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ - իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին։
Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները, մտքեր փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ռումինիայի արտգործնախարար Տիտուս Կորլացեանի հետ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ - ռումինական հարաբերությունների օրակարգային հարցերին, ինչպես նաև Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։
Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագային։
Նախարարը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի փոխանակման համար: Յահյագանն էլ ներկայացրել է հարևան երկրների հետ Կոսովոյի հարաբերությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային գերակա մի շարք խնդիրների վերաբերյալ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: