Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը:
Խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր, իրավաբանորեն անխոցելի օրինագծի ներկայացման և ընդունման գործում:
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը գլխավորող Ֆիլիպ Կալտենբախը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող նոր օրինագծի ստեղծմանը և ընդունմանը, նշել է, որ Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի իրադարձությունները չկրկնվեն:
Պատվիրակությունը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր: