Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ իրենց հաջողվել է անցած տարի Իրանի տարածքում խփված ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքից տվյալներ ներբեռնել, որոնք ապացուցում են, որ այդ սարքը, մասնավորապես, օգտագործվել է Պակիստանի տարածքում գտնվող Բին Լադենի տունը հետախուզելու համար՝ վերջինիս սպանությունից շաբաթներ առաջ։
Իրանը հայտարարել է, որ անօդաչու սարքի կրկնօրինակ է պատրաստում։
Անցած տարի ԱՄՆ-ը ասել էր, որ սարքը խափանվել է եւ ցած ընկել Իրանի տարածքում, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իրենց հաջողվել էր խփել այն։ Իրանը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ վերադարձնել թռչող սարքը։
Իրանցի պաշտոնյաները նաեւ պաշտոնապես հերքել են միջազգային մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Թեհրանին խնդրել են իրենց տեղեկատվություն տրամադրել խփված լրտեսական սարքի մասին։