Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի եզդիների փոքր համայնքը փորձում է օգնել հայրենակիցներին Իրաքում:

Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումները հազարավոր մարդկանց տեղահան են արել՝ քշելով նրանց ապաստարաններ ու փախստականների ճամբարներ:

Մուրադ Իսմայիլը անհամբեր սպասում է եզդի կնոջ հեռախոսազանգին, ով անցյալ տարվանից իր ընկերուհիների հետ իսլամիստ ծայրահեղականների գերության մեջ է։ «Նրանք գնդակահարեցին չորս կանանց։ Եվ ես դա լսում էի հեռախոսով: Հետո նրանց մարմինները նետեցին մի կողմ՝ ասելով, որ դրանք շների բաժին են դառնալու», - պատմում է Իսմայիլը:

Նրա խոսքով, շատ կանայք, ում հաջողվել է փախուստի դիմել, բազմաթիվ դեպքեր են պատմում, երբ երիտասարդ աղջիկները, խուսափելով բռնաբարությունից և սեռական ստրկությունից, ինքնասպան են եղել: «Այդպես է գերեվարված բոլոր եզդի կանանց վիճակը», - ասում է Իսմայիլը։

Անցյալ տարի, երբ սկսվեցին «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումները, Թեքսասի Հյուսթոն քաղաքում մի խումբ եզդիներ Նեբրասկա նահանգի Լինքոլն ավանի բնակիչների հետ միասին հիմնադրեցին «Յազդա» կազմակերպությունը, որը գործում է Իրաքում և փորձում է հոգեբանական օգնություն ցուցաբերել բռնության ու բռնաբարության զոհ դարձած կանանց:

Ըստ «Յազդա»-ի նախագահ Հայդեր Էլիասի, սկզբում դժվար էր, քանի որ շատ ամերիկացիներ ընդհանրապես չէին էլ լսել եզդիների մասին։

Նրա համոզմամբ՝ ՄԱԿ-ը փախստականների ճամբարներ հիմնելուց բացի ավելին պիտի անի այս ցեղասպանության փորձից տուժածներին օգնելու համար։ «Մենք շատ հիասթափված ենք ՄԱԿ-ում մեծ տերությունների գործելաոճից: Նրանք ոչինչ չեն անում եզդիներին օգնելու համար», - ասում է նա:

Մուրադ Իսմայիլը ծրագրում է այս ամսվա վերջին վերադառնալ Իրաք՝ եզդիների վիճակը գնահատելու և ծայրահեղականների բռնությունների փաստեր հավաքելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG