Մատչելիության հղումներ

ՀՔԱՎ-ը զորակոչի ժամանակ ոչ պատշաճ բժշկական զննության փաստերի մասին զեկույց է հրապարակել


2015-ի ձմեռային և 2016-ի ամառային զորակոչերի ընթացքում ավելացել է այն երիտասարդների թիվը, որոնք պարտադիր զինվորական ծառայության են անցնել իրականում դրա համար պիտանի չլինելով, պնդում են Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները։

Այսօր հրապարկված զեկույցում նշվում է, որ իրավապաշտպան կազմակերպությանը դիմել է 57 քաղաքացի, դեպքերի գերակշիռ մասը՝ 47-ը, վերաբերել է զորակոչիկների առողջական խնդիրներին ու նրանց ոչ պատշաճ բժշկական զննությանը։

«Շատ քիչ են որ ունեն մեկ հիվանդություն, հիմնականում բոլորը ունեն մի քանի հիվանդություն», - ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

Գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգողը նշում է՝ ունենալով անգամ սիրտ-անոթային համակարգի, ողնաշարի, ոտքերի հիվանդություններ, նաեւ թույլ տեսողության խնդիրներ, որոշ երիտասարդներ հայտնվում են բանակում։ Նա օրինակ է բերում զեկույցում տեղ է գտած մի պատմություն, ըստ որի 18 տարեկան երիտասարդը, էպիլեպսիկ նոպաներ ունենալով, ամռանը զորակոչվել է ծառայության։ Այնինչ օրենքը հստակ սահմանում է՝ եթե անձի մոտ վերջին 5 տարիներին եղել է առնվազն մեկ էպիլեպսիայի նոպա, ապա նա պիտանի չէ ծառայության համար։

«Փաստաթղթերը կան, բայց զորակոչել են ու մեկ օր հետո նոպա է ունեցել եւ հիմա կամ հոսպիտալում է, կամ բուժկետում է», - պատմում է Սադիկյանը:

Զեկույցում նման հինգ դեպք է արձանագրված։ Գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով` շատ են նաեւ այն դեպքերը, երբ քաղաքացիական բժշկական հաստատություններում անձի առողջական վիճակի մասին եզրակացություն տալու ժամանակ առաջնորդվում են նրա զինապարտության տարիքով։

«Ակնհայտ է, որ քաղաքացիական բժիշկները առնվազն կաշկանդված են իրենց բժշկական եզրակացություններով և պայմանավորում են այդ եզրակացությունները այն տեսակետից, թե արդյո՞ք դրա հիման վրա երիտասարդը կարող է ճանաչվել պիտանի, թե ոչ: Խուսափում են այնպիսի օբյեկտիվ գնահատականներից, որը հիմք կտա քաղաքացուն վիճարկելու զորակոչի պիտանիության հարցը», - ասում է Սաքունցը:

Զեկույցում տեղ են գտել նաեւ տվյալներ, երբ զինվորական կոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովի եւ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունները տարբերվել են։ Արթուր Սաքունցն ասում է՝ նման բազում դեպքերում զորակոչիկների ծնողները վախենում են խոսել խնդիրներից ու դատական կարգով վիճարկել ՊՆ որոշումը։ Արմինե Սադիկյանն էլ նշում է՝ իրենց կազմակերպությունն այժմ դատարանում նման մի գործ է բողոքարկում. - «Անձը նախորդ զորակոչին պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայության համար, ծնողը հրաժարվել է ուղարկել իր որդուն և միայն մեր աջակցությամբ, քրեական գործի շրջանակներում դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, որը որոշել է որ այս անձը չի կարող զորակոչվել: Եվ միայն այս դեպքում է, որ նրան ազատել են»:

Հասկանալու համար, թե ինչու է զինվորական բժշկական հանձնաժողովն առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին ճանաչել պիտանի, հարցում է ուղարկվել ՊՆ։ Ըստ Արթուր Սաքունցի գերատեսչությունը ոչ մի հիմնավոր պատասխան չի տվել։ Իրավապաշտպանների խոսքով՝ զեկույցը դեռ ՊՆ չի ուղարկվել, բայց առաջիկայում գերատեսչությանը դրան ծանոթանալու հնարավորություն կընձեռվի։

Նախարարությունը բաց է քննարկումների եւ համատեղ աշխատանքի համար՝ «Ազատության» հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը։ Ինչ վերաբերում է զեկույցին, ապա Արծրուն Հովհաննսիյանը նշեց՝ այն մանրամասն ուսումնասիրության կարիք ունի. - «Կա մեխանիզմ, որով բողոքարկվում է այս երկրում կայացված ցանկացած որոշում, և դա նորմալ է` պիտի բողոքարկվի, եթե կա խախտում: Բայց այդ 57 օրինակը սարքել գլխավոր օրինաչափություն ամբողջ զորակոչի համար` դա անթույլատրելի է»:

Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը չբացառեց, որ զինվորական բժշկական հանձնաժողովները կարող են նաեւ սխալվել. - «Այդ 57 հոգու դեպքում էլ կարող է սխալված լինեն, դրա համար կա համապատասխան մեխանիզմ: Այդ 57-ից հինգը, վեցը կարող է արդարացվեն դատարանի կողմից, բայց մնացածը կարող է որպես կոռուպցիոն ռիսկ ու մախինացիա գնահատվի, դեռ մի բան էլ դատի տան այդ զինվորին կամ իր ծնողին, որ կեղծել է»:

Արծրուն Հովհաննիսյանը ասում է` իրենք էլ կարող են մատնանշել բազում դեպքեր, երբ ծնողն է կեղծ բժշկական փաստաթղթեր ներկայացնում, որպեսզի զավակը խուսափի պարտադիր ծառայությունից: Այնուամենայնիվ, նա նշում է՝ զեկույցին ծանոթանալուց հետո իրենք իրենց հիմնավորումներն անպայման կներկայացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG