Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կարող է դադարեցվել ներքին գաղտնալսման վիճահարույց ծրագիրը


ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կենտրոնակայանը Մերիլենդ նահանգի Ֆորթ Միդ քաղաքում

Ամերիկյան կառավարության՝ ժամկետը լրացող ծրագրի ապագան կարող է որոշվել այս շաբաթ Կոնգրեսում:

Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ՝ ձայների 338 կողմ և 88 դեմ հարաբերակցությամբ, քվեարկեց հօգուտ հեռախոսազանգերի գաղտնալսման ծրագրի դադարեցման:

ԱՄՆ-ի Ազատության ակտը այժմ սպասում է Սենատի արձագանքին, որտեղ հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը պաշտպանում է գաղտնալսման ծրագիրը՝ իբրև որոշիչ գործիք ահաբեկչության դեմ պայքարի համար: «Կարծում եմ՝ այն կարևոր գործիք է մեր ժողովրդին պաշտպանելու համար», - ասում է նա:

Ըստ դեմոկրատ Փաթրիք Լիհիի, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո գաղտնաբար գործարկվելով՝ Ազգային անվտանգության գործակալության կողմից տվյալների զանգվածային հավաքագրումը արդեն չափազանց հեռուն է գնացել: «Եթե մենք ընդունենք, որ կառավարությունը կարող է գաղտնալսել մեզ՝ բացահայտելու ահաբեկիչներին, որտե՞ղ է դա ավարտվելու, որտե՞ղ է դրա վերջնագիծը», - շեշտում է նա:

Համաձայն ԱՄՆ-ի Ազատության ակտի՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, այլ ոչ թե ամերիկյան կառավարությունը պետք է գաղտնագրեն հեռախոսազանգերի պարունակությունը:

Ըստ ՄըքՔոնելի՝ անձնական տվյալների գաղտնիության շուրջ մտահոգություններն անհիմն են:

Սակայն արդյոք ծրագրի շնորհիվ բացահայտվել է իրական ահաբեկչական դավադրություն՝ այս հարցը մնում է վիճահարույց և առաջիկայում դառնալու է սուր քննարկումների առարկա Սենատի նիստերի ժամանակ՝ հստակեցնելու ազգային անվտանգության ու քաղաքացիական ազատությունների միջև տարանջատիչ սահմանագիծը:

Մինչ «Հայրենասիրական ակտ» անունով հին օրենքի գործողության ժամկետը լրանում է հունիսի 1-ին, Սենատը արձակուրդ է գնալու այս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, ուստի նոր օրենքը հաստատելու համար հաշվված օրեր են մնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG