Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկյան խոշոր ավտոարդյունաբերող ընկերությունների ղեկավարների հետ


«Առաջին հերթին՝ Ամերիկան» կարգախոսով Սպիտակ տուն եկած Դոնալդ Թրամփը այսօր՝ աշխատանքային երկրորդ օրը կրկին սկսել է երկրի խոշորագույն գործարարների հետ հանդիպելով: Այս անգամ միլիարդատեր նախագահը Սպիտակ տուն էր հրավիրել Ամերիկայի ավտոարդյունաբերության հսկաների՝ «Ջեներալ մոթորսի», «Ֆորդի» ու «Ֆիատ Քրայսլերի» ղեկավարներին:

«Ուզում եմ, որ դուք նոր աշխատատեղեր ու գործարաններ ստեղծեք Ամերկայում՝ դիմելով Դեթրոյթի երեք խոշորագույն գործարարներին», - ասաց նորընտիր հանրապետական նախագահը: - «Մենք ուզում ենք , որ մենք կրկին զբաղվենք արտադրությամբ, ոչ թե ապրանքներ ներկրենք: Դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք առևտրից, ընդամենն ուզում ենք, որ ապրանքներն ինքներս և այստեղ արտադրենք: Եվ եթե նայեք Ամերիկայի երբեմնի մեծ ու հզոր առաջնորդներին, կտեսնեք, որ նրանք շատ սկզբունքային դիրքորոշում են ունեցել այս հարցում: Եվ մենք պատրաստվում ենք արտոնություններ սահմանել այն ընկերությունների համար, որոնք արտադրությունն այստեղ կիրականացնեն, հարկերը ներկայիս 35 տոկոսից հասցնելու ենք մինչև 15-20 տոկոսի»:

Ինչպես և երեկ՝ ամերիկյան խոշորագույն գործարարների հետ հանդիպմանը, այսօր էլ Թրամփը ավտոարդյունաբերողներին հավաստիացրեց, թե չեղարկելու է բոլոր այն կարգավորումները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը: - «Այդ կարգավորումները սահմանափակում են հնարավորություններդ, և թույլ չեն տալիս ամբողջությամբ անել այն, ինչ կարող ես», - հայտարարեց ողջ կյանքը անշարժ գույքի բիզնեսով զբաղված Թրամփը: - «Ես գործարարներ գիտեմ, որոնք դժգոհում են, թե այդ կարգավորումներով ավելի շատ մարդ է զբաղվում, քան բուն արտադրությամբ, և այս վիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Կարծում եմ՝ մենք կարող ենք կրճատել դրանք 75 տոկոսով, գուցե՝ ավելի շատ: Եվ երբ դուք ուզենաք ընդարձակել ձեր գործարանները կամ որևէ նոր ու հսկայական բիզնես սկսել, անհրաժեշտ կարգավորումներն անցնելու և հաստատումը ստանալու եք շատ արագ», - խոստացավ նա:

Ավելի վաղ ամերիկյան ավտոարդյունաբերող հսկաներից մեկը՝ «Ջեներալ մոթորսը» հայտարարել էր, թե պատրաստվում է մինչև 2018 թվականը 5 միլիարդ դոլար ներդնել Մեքսիկայում՝ կրկնապատկելով իր արտադրական հզորությունները: Այսօր ընկերության ղեկավարը նորընտիր նախագահին հավաստիացրեց՝ «Ջեներալ մոթորսը» մտադիր է վերանայել այդ ծրագիրը: Անցած շաբաթ էլ «Ֆորդն» էր չեղարկել Մեքսիկայում ավելի քան 1,5 միլիարդ դոլարանոց գործարան կառուցելու ծրագիրը՝ փոխարենը խոստանալով 700 միլիոն դոլար ներդնել Միչիգանի գործարանում:

«Մենք պատրաստ ենք օգնել նրանց, ովքեր կմնան Ամերիկայում և բարձր հարկեր սահմանել ներկրողների համար», - վերստին հայտարարեց Դոնալդ Թրամփը՝ հանդիպումից առաջ Թվիթերում գրելով․ - «Ես ուզում եմ, որ նոր գործարանները Ամերիկայում կառուցվեն, մեքենաներն այստեղ վաճառվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG