Մատչելիության հղումներ

Թուրքիան նորից խոստումներ է տալիս ԱՄՆ-ին


Ըստ Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքի՝ Թուրքիան համաձայնվել է մարտական թռիչքներ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքը երեքշաբթի օրը լրագրողներին տեղեկացրել է, որ «Իսլամական պետություն» խմբավորոման դեմ Թուրքիան մի քանի օր հետո կսկսի ռազմաօդային գործողություններ։

«Այն փաստը, որ Թուրքիան այժմ մեր և ռազմական դաշինքի մյուս անդամ պետությունների օդանավերի հետ թռիչքներ է իրականացնելու, կարևոր առաջընթաց է, ինչին մենք անհամբերությամբ էինք սպասում: Մենք այժմ փորձում ենք լուծել թիկունքային ապահովման խնդիրները», - ասել է Փիթեր Քուքը:

Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը անցյալ շաբաթ նշել էր, որ Պենտագոնը Թուրքիայից պահանջում է ավելին անել:

Իսկ անցյալ ամիս Թուրքիան համաձայնվել էր Ինջիրլիքի օդային ռազմակայանից թույլատրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի օդանավերի թռիչքները։

«Մեր համագործակցությունը թուրքերի հետ և այդ համագործակցության ընդլայնումը այս պահին դեռևս ընթացքում են, սակայն մենք սա նաև դիտում ենք իբրև Թուրքիայի, Միացյալ Նահանգների և դաշինքի մյուս անդամ պետությունների համար մեր համագործակցությունն ավելի հղկելու մի նոր հնարավորություն», - ասել էր Քարթերը:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի համագործակցության շուրջ քննարկումները ուղղված են Թուրքիայի հարավային սահմանի անվտանգության խնդիրների հանգուցալուծմանը: Մտահոգություններ կան հատկապես Սիրիայի հետ սահմանահատվածի շուրջ, քանի դեռ արտասահմանցի գրոհայինները ու սպառազինությունը հոսում են դեպի Սիրիա՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող տարածքներ:

Թուրքիան առաջարկում է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի հաստատել՝ փախստականներին պաշտպանելու, ինչպես նաև Սիրիայի չափավոր ապստամբների վարժանքները ապահովելու համար:

Թեև Քուքը շեշտում է, որ համագործակցությունը ընդլայնելու գործում Թուրքիան ու Միացյալ Նահանգները նույն դիրքերի վրա են, Վաշինգտոնը, սակայն, ասում է, որ շահագրգռված չէ նման գոտիներ հաստատել: Ըստ Քուքի՝ ԱՄՆ-ը չի նշել անվտանգության գոտի հաստատելու հարցի վերաբերյալ իր մոտեցումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG