Մատչելիության հղումներ

Իրաքում «Իսլամական պետության» դեմ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող օդային հարձակումները կարող են ետ մղել իսլամիստ զինյալներին Սիրիա, որտեղ նրանք շարունակում են այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված պայքարը:

«Իսլամական պետության» զինյալները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Իրաքում զգալի առաջընթաց են գրանցել, մինչդեռ Սիրիայում կառավարական ուժերը շարունակել են ռմբակոծել Իրաքի հետ սահմանի մոտակայքում գտնվող զինյալների դիրքերը` միաժամանակ հետ մղելով նրանց Դամասկոսի օդանավակայանի մոտակայքից:

Իսլամիստները, որոնց ուղղությամբ հարվածներ են հասցնում քրդերի զինված «Փեշմերգա» ստորաբաժանումները և ԱՄՆ-ի օդուժը, կարող են իրենց ուշադրությունը կրկին կենտրոնացնել Սիրիայի վրա:

«Միացյալ Նահանգների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով իսլամիստները, ըստ էության, կարող են իրենց ուշադրությունը ուղղել դեպի սիրիական ճակատ, որտեղ պայքար մղելը իրենց համար ավելի հեշտ է, քանի որ ամերիկացիները այնտեղ գործողություններ չեն իրականացնում», - ասում է ամերիկյան Խաղաղության ինստիտուտի վերլուծաբան Սթիվ Հեյդեմանը:

Վերլուծաբանի համոզմամբ` Իրաքում զբաղեցված տարածքները և ձեռք բերված զենքը թույլ կտան «Իսլամական պետությանը» ուժեղացնել իր դիրքերը Սիրիայի կառավարական ուժերի դեմ պայքարում:

Չնայած Միացյալ Նահանգները օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետությանը», որի դեմ միաժամանակ պայքար է մղում նաև Սիրիայի կառավարությունը, Վաշինգտոնը և Դամասկոսը ընդհանուր նպատակներ չեն հետապնդում:

«Ասադի վարչակարգն է, որ թույլ է տվել «Իսլամական պետությանը» զարգանալ և հզորանալ», - ասում է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը:

Սթիվ Հայդեմանը իր հերթին կարծում է, որ Սիրիայի վարչակարգի կողմից ավելի թույլ հակառակորդների նկատմամբ «Իսլամական պետության» օգտագործման փորձը սխալ հաշվարկ է եղել:

«Ասադի վարչակարգը կհամոզվի, որ «Իսլամական պետության» հզորացումը կարող է վերածվել նախատեսվածից ավելի մեծ խնդրի», - ասում է նա:

Այժմ սակայն Սիրիայի կառավարական ուժերի համար բարենպաստ են «Իսլամական պետության» դեմ միջազգային հանրության կողմից իրականացվող գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG