Մատչելիության հղումներ

Պակիստանը՝ Ադրբեջանի նոր մեծ եղբայր


Արխիվ -- Ադրբեջանի նախագահական նստավայրը, Բաքու, 12-ը մայիսի, 2014թ․
Արխիվ -- Ադրբեջանի նախագահական նստավայրը, Բաքու, 12-ը մայիսի, 2014թ․

Բաքուն ու Իսլամաբադը խորացնում են հարաբերությունները: Ի դեմս Պակիստանի Ադրբեջանը նոր մեծ եղբայր է գտել, նկատում է ադրբեջանական մամուլը:

Երկու երկրները, որոնք ավելի վաղ հայտարարել էին ռազմական ոլորտում սերտ համագործակցելու երկուստեք ցանկության մասին, այժմ խոսում են տնտեսական համագործակցության մակարդակը բարձրացնելու մասին: Պակիստանցի և ադրբեջանցի պաշտոնյաները այսօր Բաքվում հայտարարել են, թե համաձայնության են եկել առևտրային կապերը խորացնելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, ապրանքաշրջանառությունը ընդլայնելու և զուգահեռաբար երկու երկրների մաքսային և վիզային ընթացակարգերը դյուրացնելու վերաբերյալ: Պակիստանը ադրբեջանի կառավարությանն է ներկայացրել տնտեսական համագործակցության հնգամյա պլան: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Պակիստանի առևտրի դաշնային նախարար Խուրամ Դաստգիր Խանը: Երկրի առևտրային նախարարից առաջ այս տարի Ադրբեջան էին այցելել նաև նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, ռազմական արդյունաբերության նախարարը:

Ադրբեջանը սկսեց Հայաստանի անկախությունը չճանաչած աշխարհում միակ երկրի՝ Պակիստանի հետ բարեկամությունից խոսել բոլորովին վերջերս: Ադրբեջանական մամուլը նշում է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից բացի ամենից հաճախ Պակիստան են այցելում: Վերջին անգամ նոյեմբերին Պակիստանում էր Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ էյնուբովը, ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, իսկ մինչ այդ էլ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հաջորդ տարի նախատեսվում է նախագահ Իլհամ Ալիևի այցը Իսլամաբադ: Ադրբեջանի ղեկավարը ընդամենը մեկ տարի առաջ՝ «Իսլամական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի շրջանակներում էր այցելել Պակիստանի մայրաքաղաք: Այս բոլոր այցերի ընթացքում, ինչպես հայտարարում էին կողմերը, ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ՝ ռազմական ոլորտի համագործակցությունից մինչև փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում:

Ադրբեջանական վերլուծական շրջանակներում հույս ունեն, որ Պակիստանի հետ հարաբերությունների խորացմամբ Ադրբեջանը կկարողանա պահպանել Հայաստանի նկատմամբ ռազմական առավելությունը: Նախագահ Ալիևի սպավող պակիստանյան այցի ընթացքում պլանավորվում է մի շարք կարևոր փաստաթղթերի, նոր համաձայնագրերի ստորագրում, ինչն անհանգստացնելու է Հայաստանին, մասնավորապես գրում է ադրբեջանական «Մինվալ օնլայն» պարբերականը: Խոսքը ժամանակակից հակաօդային պաշտպանություն ձեռք բերելու և Ադրբեջանում Պակիստանի հետ համատեղ ռազմական համակարգերի արտադրության մասին է, ինչի շուրջ կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Պակիստանի վաչապետի՝ Բաքու կատարած այցի ընթացքում: Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը անցած նոյեմբերին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե՝ «երկրի հուսալի պաշտպանության համար անհրաժեշտ են մինչև 500 կիլոմետր հեռահարությամբ օպերատիվ-մարտավարական հրթիռներ»:

Ենթադրաբար, նոր հրթիռներ ձեռք բերելը Ադրբեջանի համար արդիական է դարձել Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսին ռուսաստանյան գերժամանակակից «Իսկանդեր» հրթիռային համակարգերի ցուցադրությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG