Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների ռազմավարությունը Սիրիայում


Սիրիա - ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը ռմբակոծում է «Իսլամական պետության» դիրքերը Քոբանի քաղաքում, հոկտեմբեր, 2014թ․
Սիրիա - ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը ռմբակոծում է «Իսլամական պետության» դիրքերը Քոբանի քաղաքում, հոկտեմբեր, 2014թ․

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ որևէ դաշինք գոյություն չունի, սակայն, ըստ ապստամբների, ԱՄՆ-ի ղեկավարած օդային ռազմարշավը օգնում է Դամասկոսին:

Միացյալ Նահանգների ղեկավարած դաշինքի ռազմաօդային արշավի արդյունքում Սիրիայի կառավարական ուժերը զգալիորեն ետ են շպրտել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:

Սակայն, ըստ ԱՄՆ-ի նախագահի, դա ամենևին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ դաշինքի արդյունք չէ:

«Խուսափելու համար հակաօդային գործողություններից՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործելիս մենք կապ ենք պահում սիրիական վարչակարգի հետ: Սակայն դրանից ավելին չի ակնկալվում մեր կողմից: Մենք չենք փորձում դաշինքի մեջ մտնել Ասադի հետ: Նա վարկազուրկ է այդ երկրում», - ասել է Բարաք Օբաման:

Սիրիայի չափավոր ընդդիմությունը, ում հետ Օբամայի վարչակազմը հուսով է համատեղ պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, նշում է, որ օդային հարվածները թույլ են տալիս սիրիական զինված ուժերին ժամանակ առ ժամանակ գրոհել իրենց, ուստի հասարակական կարծիքը որոշակիորեն փոխվել է ընդդեմ հակաիսլամիստական դաշինքի, քանի որ Ասադի հակառակորդների դեմ հարվածները ընկալվում են իբրև օգնություն նրան:

Ըստ Ամերիկյան համալսարանի դասախոս Գայ Զիվի՝ դա հարցեր է հարուցում Վաշինգտոնի մոտեցումների շուրջ: «Դա իրոք այս գլուխկոտրուկի ամենախնդրահարույց մասն է՝ թե ինչպես վարվել Բաշար ալ-Ասադի հետ: Ամերիկյան վարչակազմում առկա է անհամաձայնություն՝ արդյոք այս ռմբահարումները օգնո՞ւմ, թե՞ վնասում են Ասադին, և արդյոք Ասադը կտրուկ կհզորանա՞, թե՞ կթուլանա Մերձավոր Արևելքում ամերիկյան միջամտության պատճառով», - ասում է Զիվը:

Ըստ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքիի՝ հաճախ անցկացվում են հանդիպումներ ու քննարկումներ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմավարության շուրջ, սակայն վերանայում չի եղել: «Իհարկե, ներքուստ գոյություն ունի քննարկում, թե ինչպես ԱՄՆ-ը պետք է շարունակի շտկել ու դիտարկել մի շարք տարբերակները: Սիրիան Օբամայի վարչակազմի առջև ծառացած ամենաբարդ ճգնաժամերից է, ու պետք է որ պարզ լինի, որ վարչակազմը ընթացիկ գործնական քննարկումների ու փաստարկումների մեջ է՝ գործողությունների տարբերակների ընտրության առումով», - ասում է Փսաքին:

Ըստ Կատո հաստատության վերլուծաբան Ջասթին Լոգանի, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ որոշ ռազմական օպերատիվ տարբերակներում Օբամայի վարչակազմը կարող է ունենալ չկանխամտածված հետևանքներ: «Շատ բաներ, որ արվում են Մերձավոր Արևելքում ահաբեկման դեմ պայքարելու համար, լավ արդյունք չեն տալիս և երբեմն վատ արդյունքների են հանգեցնում՝ աշխարհի այդ հատվածում մարդկանց մեջ ատելություն սերմանելով ընդդեմ ԱՄՆ-ի, ուստի և ավելի ընդունելի են դարձնում ահաբեկչական խմբերի կոչերը», - նշում է Լոգանը:

Ըստ Ջորջթաունի համալսարանի դասախոս Նորա Բենսահելի, թե ինչպես առավել արդյունավետ պայքարել և որ խմբավորումներին աջակցել ու ինչ կերպ՝ այն հարցերն են, որոնց առերեսվում են և՛ Վաշինգտոնը և՛ Ասադի դաշնակից Իրանը: «Եթե պարզ լիներ, թե ում հետ համագործակցել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ և ինչպես դա համատեղել Բաշար ալ-Ասադի դեմ պայքարի հետ, բոլորը ավելի հեշտ ժամանակներ կապրեին՝ հաշվարկելով իրենց շահերը», - ասում է նա:

ԱՄՆ-ի բարձրաստիճան գեներալ Մարտին Դեմփսին Իրաք իր այցի ժամանակ, որը ներառում էր քրդերի ղեկավարների հետ բանակցությունները, նշեց, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում շրջադարձային պահը սկսվել է: Սակայն նա նաև կանխատեսեց, որ ռազմարշավը երկարամյա ու ձգձգվող կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG