Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան․ Բոլոր կուսակցությունները մրցում են՝ ով ինչքան սուտ կասի


Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներն այսօր ընտրողների հետ հանդիպում անցկացրին Վանաձորի Արցախ պուրակում:

Դաշինքի ցուցակում հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ ընտրակաշառք բաժանելու երևույթին՝ ասելով, թե ոչ ոք չպետք է թույլ տա, որ իրեն ընտրակաշառք առաջարկեն:

«Հանցագործություն է ոչ միայն կաշառք տալը, այլև այն ընդունելը», - ասաց Մանուկյանը: - «Եթե հինգ հազար դրամը հաղթելու է գաղափարին, եթե օրը տասը դրամ կաշառքը մեր քաղաքացուն տանելու է էդ ուղղությամբ, ապա էկեք ոչ թե մեղադրենք այն մարդուն, ով վերցրել է էդ փողը, այլ մեզ, որ թույլ ենք տվել, որ մեր շրջապատում էդպիսի բան լինի»:

Մանուկյանը հորդորեց վանաձորցիներին մասնակցել առաջիկա կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ համարելով այն եզակի հնարավորություն իշխանություններից ազատվելու համար:

Մանուկյանն անդրադարձավ նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից Հանրապետականի համար ընտրողների ցուցակագրման երևույթին՝ դա որակելով «պետական կազմակերպված հանցագործություն»․ - «Տեսաք, չէ՞, ինչ կատարվեց․ 140 դպրոցների տնօրեններ պետական հանցագործության մասնակից են դարձել, պետական կազմակերպված հանցագործության: Ցուցակներ են կազմում, ուսուցիչներ են վախացնում, ուսուցիչների են փող տալիս, ծնողներին են հավաքագրում․․․ Սա կոչվում է պետական կազմակերպված, համակարգված հանցագործություն, որովհետև վարչական լծակ կիրառելը օրենսդրությամբ հետապնդվում է, քրեական հոդված է: Եվ մենք, ժողովուրդ, նայում ենք լուռ, հասկանո՞ւմ եք»:

Ելույթ ունեցան նաև մարզում տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուները: Դաշինքի ներկայացուցիչները քննադատում էին գործող իշխանություններին, թվարկում տարբեր ոլորտներում առկա խնդիրները, ապա համոզմունք հայտնում, թե իրենք ի զորու են իրավիճակ փոխելու:

Լոռիում թիվ 9 ընտրատարածքում դաշինքի կողմից առաջադրված տարածքային թեկնածու Կարեն Ադամյանն իր ելույթում հատուկ ընդգծեց կուսակցության այն երկու կարևոր դրույթները, որոնց համար «գիտակից քաղաքացիները պիտի ձայնը դաշինքին տան»․ - «Ուզում եմ ավելի շատ խոսել շատ կարևոր մի դրույթի մասին, որը միայն ունի Կոնգրես - ՀԺԿ դաշինքը: Խոսքը վերաբերում է 1991 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի դուրս տարված հսկայական դրամագլխի վերադարձմանը»:

Արամ Մանուկյանը նշեց, թե կուսակցությունները մրցման են դուրս եկել, թե ով ավելի մեծ սուտ խոստում կտա: Ըստ նրա, գրեթե բոլոր կուսակցությունների խոստումներն անիրատեսական են․ - «Ժողովուրդ, տեսե՞լ եք, որ ձեր մոտ էկողները տիեզերքից աստղեր են իջացնում: Բոլոր կուսակցությունները մրցում են՝ ով ինչքան սուտ կասի: Հեքիաթը հիշո՞ւմ եք․ նա, ով էնպիսի սուտ կասի, որ ասեմ, այո, սուտ ա, իշխանությանս, հարստությանս կեսը իրեն տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG