Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն հաստատեց ջրամատակարարման ու ջրահեռացման նոր միասնական սակագինը


«Մեկ օպերատոր, մեկ սակագին» սկզբունքով հունվարի 1-ից խմելու ջուրը թանկանալու է Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր «Վեոլիա Ջուր» ընկերությանը 15 տարով տալով ամբողջ հանրապետության ջրային համակարգի վարձակալության լիցենզիան՝ հաստատեց ջրամատակարաման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագինը։

Այն ներկայումս գործող 5 ընկերությունների միջինացված սակագինն է, որը կազմում է 180 դրամ և առայժմ սահմանվել է 1 տարի ժամկետով։

Այսպիսով էական բարձրացում տեղի ունեցավ «Երևան Ջուր» ընկերության բաժանորդների համար․ հունվարի 1-ից նրանք 1 խմ դիմաց մոտ 10 դրամով ավելի կվճարեն։ Սակագինը կնվազի «Նոր Ակունք» ընկերության բաժանորդների համար՝ շուրջ 22 դրամով։

Մյուս դեպքերում գործողի ու նորի տարբերությունն այդքան էլ մեծ չէ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի խոսքով, պայմանագրի համաձայն սակագները վերանայվելու են ամեն տարի ու ունենալու են նվազման միտում․ - «Վարձակալության երկրորդ տարվանից սկսած, բազիսային սակագները ենթարկվելու են ճշգրտման՝ մանրածախ ջրամատակարարման ծավալների տատանումները, սղաճը և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը հաշվի առնելու համար»:

«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն շեշտեց, որ իրենք չեն դառնալու ներկայիս 5 ընկերությունների իրավահաջորդը․ վերջիններս իրավաբանորեն գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարել իրենց առջև դրված ֆինանսական պարտականությունները։

Նիստին ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե ինչ է մտածում ընկերությունը համակարգում ջրի մեծ կորուստները նվազեցնելու համար։

Կրիստիան Լըֆեն արձագանքեց․ - «Սա կարևորագույն այն խնդիրներից է, որ մենք անպայման պետք է լուծենք։ «Երևան Ջուր» ընկերության գործունեության ընթացքում մենք արդեն իսկ շատ ենք աշխատել տեխնիկական կորուստների վերացման ուղղությամբ։ Այժմ հետևողականորեն զբաղվելու ենք առևտրային կորուստների նվազման հարցով, և պետք է այդ աշխատանքը համատեղ կատարենք բոլոր մասնակից կողմերի հետ։ Դա կարտահայտվի նոր ջրաչափերի տեղադրմամբ։ Մեր նպատակն է պայմանագրային առաջին երկու տարիների ընթացքում էականորեն նվազեցնել առևտրային կորուստները»։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Վեոլիա Ջուր» ընկերությանը հորդորեց աշխատել այնպես, որ հետագայում սակագների բարձրացում չլինի՝ ապահովելով սպառման ծավալների ավելացում և հաշվառման համակարգում կանխել ապօրինի սպառումը:

Նիստից հետո Կրիստիան Լըֆեն, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք 180 դրամը սահմանվել է՝ հաշվի առնելով տարեսկզբից ակնկալվող էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը, քանի որ ըստ պայմանագրի դրա փոփոխությունը 13 տոկոսով ազդեզություն է ունենալու ջրի բազիսային սակագնի ճշգրտման վրա, ասաց․ - «Սակագնի ճշգրտումը տեղի կունենա առաջին պայմանագրային տարվանից հետո։ Պայմանագրում այդպես է գրված, որ վերանայումը լինում է առաջին տարուց հետո։ Եթե նույնիսկ հիմա էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանար, մենք, միևնույն է, չէինք կարող վերանայել»։

Կրիստիան Լըֆեն շեշտեց, որ «Վեոլիա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում բազմաթիվ երկրներում, երկու տեղ է, որ աշխատում է նման ցածրագույն սահագնով՝ Հայաստանում եւ Հնդկաստանում։

Նա, միևնույն ժամանակ, հավելեց, որ կառավարությունն իրենց համար խաղի խիստ կանոններ է սահմանել։

Կրիստիան Լըֆեն վստահեցրեց, որ սեփական միջոցների, նաև միջազգային ներդրողների հաշվին աշխատելու են, որպեսզի բարելավվի սպասարկման որակն ու ջրամատակարարումը դառնա շուրջօրյա։

Մինչ «Վեոլիան» ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման խոսումներ է տալիս, Երևանում շատերը բողոքում են դրանց որակից:

Տիկին Սվետլանան մեկ շաբաթվա մեջ երկու անգամ դիմել է «Երևան Ջուր», և երկու անգամն էլ, ինչպես ինքն է վստահեցնում, հիասթափվել է նրանց աշխատանիքց։ Խցանված կոյուղու խնդիր լուծելու համար երեւանի բնակչուհին զանգարահարել է սպասարկող ընկերությանը, բայց նրանք այդպես էլ չեն արձագանքել․ - «Կանալիզավցիան տուն է լցվում, իրանք մի օր հետո զանգում են, թե՝ եկել են, մաքրել են, գնացել են։ Ասում եմ՝ էդ որտե՞ղ են եկել, որտե՞ղ են մաքրել։ Ես էնքան էի զայրացած, ասեցի՝ գիտեք ինչ, ես էս բանը այսպես չեմ թողնի, կբողոքեմ: Ասում են՝ որտեղ ուզում եք բողոքեք։ Շատ լկտիաբար․․․ Էլ դրանից ավել ինչ կարող էի ասել»։

Նա մտահոգություն ունի, որ տհաճ պատմությունը կարող է կրկնվել և այսքանից հետո ո՞ւմ դիմի, ի՞նչ անի՝ չգիտի։ Հարցնում է՝ ինչի՞ համար է ամեն անգամ պարտաճանաչորեն վճարում սպասարկման վարձը, եթե հարկ եղած դեպքում ընկերությունը չի արձագանքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG