Մատչելիության հղումներ

Հայաստանում կտրուկ նվազել է Ռուսաստանի վարկանիշը՝ որպես բարեկամ երկրի


Հայաստանցիների շրջանում կտրուկ՝ 17 կետով նվազել է Ռուսաստանի վարկանիշը որպես բարեկամ երկրի։ Այս մասին է վկայում Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցումը։

Կենտրոնի փորձագետները վկայում են, որ անցած տարիներին Հայաստանում այս չափանիշը ամենաբարձրն էր ԱՊՀ մյուս երկրների համեմատ՝ 2015-ին 86 տոկոս էր կազմում, իսկ 2014-ին Ռուսաստանը որպես բարեկամական երկիր էր ընկալում հարցված հայաստանցիների շուրջ 87 տոկոսը։

Կենտրոնի հրապարակած փաստաթղթում Հայաստանի ռազմավարական դաշնակցի և դե յուրե անվտանգության երաշխավոր համարվող երկրի վարկանիշի անկումը փորձագետները բացատրում են երկու հանգամանքով։ Առաջինը՝ հայաստանցիներին այնքան էլ չէր գոհացրել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի դիրքորոշումը, և երկրորդ պատճառը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, որը հայաստանցիները նորից կապում էին հայաստանյան շուկայում էներգակիրների մատակարարման գերիշխող դիրք ունեցող Ռուսաստանի հետ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանն ասում է, որ չի կարողացել հասկանալ, թե երբ է արվել այս հարցումը, քանի որ նրա կարծիքով սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «Իսկանդերների» երթից հետո Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը ամենայն հավանականությամբ բարելավվել է: Բացի այդ, Լաուրա Բաղդասարյանի կարծիքով Երևանում և մարզերում Ռուսաստանի նկատմամաբ մոտեցումը տարբեր է:

«1106 հարցվածների 69 տոկոսը համարել է, որ Ռուսաստանն է [Հայաստանի դաշնակիցը]: Ընդ որում՝ սա ամենաբարձր ցուցանիշն է մյուս երկրների համեմատ: Պարզապես ասում են, որ անցած տարվա համեմատ այս ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: Միանշանակ ավարտվել է հայ-ռուսական հարաբերություններում տասնամյակներ շարունակ ձգվող ռոմանտիզմը, որ՝ Ռուսաստան և վերջ, դրանով ամեն ինչ ասված է: Եվ սա է հենց ակնհայտը և սա է, որ սենսացիոն կերպով ռուս մեկնաբանները ներկայացնում են: Բայց, մյուս կողմից, սա չի նշանակում, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները իսկապես շատ բարձր են», - ասում է Բաղդասարյանը:

Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի հարցման արդյունքների համաձայն, հետխորհրդային երկրներից ամենաբարձր վարկանիշ Ռուսաստանն ունի Ղրղըզստանում, Տաջիկստանում, Բելառուսում և Ղազախստանում. 89-ից մինչև 81 տոկոս:

Ընդ որում՝ ռուսաստանցիները նույն Տաջիկստանը կամ Ղրղըզստանը այնքան էլ բարեկամական երկրներ չեն համարում, մինչդեռ Հայաստանը բարեկամ երկրների ցանկում 35 տոկոսով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Բելառուսին, Ղազախստանին և Չինաստանին։ Հետաքրքիր է նաև, որ Հայաստանը առաջինն է հետխորհրդային երկրների շարքում, որտեղ շատ են այն մարդիկ, որ համարում են, թե իրենց երկիրը բարեկամական պետություն ընդհանրապես չունի: Այդպես է պատասխանել հարցվածների շուրջ 18 տոկոսը։

«Կարելի է համարել, որ ապրիլյան իրադարձությունները դարձան կուլմինացիոն կետը, երբ մարդիկ հասկացան, որ պատերազմական իրավիճակներում ոչ մի երկիր չի գալու Հայաստանին օգնելու Ղարաբաղի հարցում», - մեկնաբանում է Լաուրա Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG