Մատչելիության հղումներ

ԱՄՆ․ Սոցիալական մեդիան՝ բնակչության հետ ոստիկանության կապի միջոց


Լոս Անջելեսի համայնքներից մեկի ոստիկանության բաժանմունքը համայնքի բնակիչների հետ կապ հաստատելու համար օգտագործում է անսովոր մի միջոց: Այս բաժանմունքը Միացյալ Նահանգներում առաջինն է սկսել օգտագործել Չինաստանում մեծ ժողովրդականություն վայելող միկրոբլոգների «Վեյբո» կայքը, ինչը մեծ ազդեցություն է գործում համայնքի վրա:

Կալիֆորնիա նահանգի Ալհամբրա քաղաքում ռեստորանի սեփականատեր Շու Ռան Գանն իր աշխատանքի ընթացքում ոչ միայն զբաղվում է ձեռնարկության առօրյա գործունեությամբ, այլև կարգավորում է աշխատողների անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները: Այս հարցով նա դիմում է քաղաքի ոստիկանության բաժանմունքին` «Վեյբո» կայքի միջոցով:

«Բաժանմունքն առաջարկում է գիշերվա ուշ ժամերին ռեստորանի շրջակայքի անվտանգությունը ստուգելու անվճար ծառայություն», - ասում է նա:

Ալհամբրայի ոստիկանության բաժանմունքի կողմից «Վեյբո» կայքում հաշիվ բացելու հանգամանքը անակնկալ է դարձել քաղաքի բնակիչներից շատերի համար: Նրանք ասում են, որ շատ անսովոր է, երբ ԱՄՆ-ի պետական մարմիններից մեկը հաշիվ է բացում չինական սոցիալական կայքում:

«Վեյբո» կայքում հաշիվ բացելու որոշման հիմքում, ըստ Ալհամբրայի ոստիկանության բաժանմունքի կապիտան Քլիֆորդ Մառի, ընկած է համայնքի չինարեն խոսող բնակիչների հետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը: Նրա համաձայն, այդ կերպ հնարավոր է տեղեկացնել բնակիչներին, թե ինչպես ոստիկանությունը կարող է օգնություն տրամադրել:

Կապիտան Մառի համաձայն, քաղաքի 80 հազար կազմող բնակիչների կեսից ավելին ծագումով Ասիայից է, իսկ այդ բնակիչների մեծ մասն իր հերթին ազգությամբ չինացիներ են կազմում: Ի տարբերություն դրան, ոստիկանության բաժանմունքի աշխատողների ընդամենը տասը տոկոսն ունի ասիական ծագում, այդ իսկ պատճառով «Վեյբո» կայքը չինական համայնքի հետ իրեն հասկանալի լեզվով կապ հաստատելու միջոց է դարձել:

«Չինական մշակույթը բավականին փակ է», - ասում է կապիտան Մառը՝ հավելելով. - «Չինացիները սովոր չեն իրենց խնդիրների վրա հրավիրել հասարակության, մանավանդ` ոստիկանության ուշադրությունը: Այդ պատճառով մենք տեղյակ չենք լինում բազմաթիվ հանցագործությունների»:

«Վեյբո» կայքում Ալհամբրա քաղաքի ոստիկանության բաժանմունքի կողմից բացված հաշիվը, բացի հանցագործությունների մասին հայտնելուց, դարձել է նաև տեղի բնակիչների համար տեղեկատվական աղբյուր` նպաստելով, որ ԱՄՆ նոր ժամանած ներգաղթյալների համար ավելի հեշտ լինի ընտելանալ ամերիկյան ապրելակերպին:

Ռեստորանի սեփականատեր Շու Ռան Գանը համոզված է, որ բնակչության հետ Ալհամբրայի ոստիկանության աշխատանքը շատ է տարբերվում Չինաստանի ոստիկանության գործելակերպից: Նրա կարծիքով, Չինաստանի ոստիկանները անտարբեր են, իսկ ԱՄՆ-ում ոստիկանության ծառայողները հոգում են բնակչության մասին:

Ալհամբրա քաղաքի ոստիկանության համաձայն, այժմ կատարվում է չինական «Վեյբո» սոցիալական կայքի օգտագործման հետ կապված աշխատանքների արդյունավետության ուսումնասիրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG