Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին, Մոսկվայում անհանգիստ են


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև դահլիճում զրուցում է «Ռոյթերզ»-ի լրագրողի հետ, 23-ը փետրվարի, 2017 թ․
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև դահլիճում զրուցում է «Ռոյթերզ»-ի լրագրողի հետ, 23-ը փետրվարի, 2017 թ․

Ըստ ԱՄՆ-ի նախագահի, Ռուսաստանը խախտում է միջուկային մարտագլխիկներով միջին և փոքր հեռահարության թևավոր հրթիռներն արգելող՝ 1987 թվականի պայմանագիրը: Միացյալ Նահանգների ղեկավարը խոստանում է Պուտինին հանդիպելու դեպքում «նրա առջև բարձրացնել այդ հարցը»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ցանկանում է ուժեղացնել երկրի միջուկային զինանոցը, ընգգծելով՝ միջուկային զենք ունեցող պետություների շարքում ԱՄՆ-ն պետք է ամենաառաջնային դիրքում լինի:

Փետրավարի 23-ին «Ռոյթերզ»-ին տված մեծ հարցազրույցում Թրամփն ասել է, թե Միացյալ Նահանգների միջուկային հզորությունները նվազել են: «Հրաշալի է երազել, որ ոչ մի երկիր միջուկային զենք չունենա, բայց եթե նրանք պատրաստավում են դա ունենալ, ապա մենք պետք է լինենք առաջինը»,- ասել է Դոնալդ Թրամփը: Նա քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ 2010 թվականին Ռուսաստանի հետ կնքված New Start կոչվող պայմանագիրը, ասելով, թե այն «միակողմանի համաձայնություն էր»: «Դա նրանց տվել է այն, ինչը մենք երբեք չպետք է թույլ տայինք»,- ասել է Թրամփը:

New Start պայմանագիրը երկու կողմերին պարտավորեցնում էր կրճատել իրենց միջուկային զինանոցն ու մինչև 2018 թվականի փետրվարն ապահովել միջուկային հզորությունների հավասար մակարդակ: Ի թիվս այլ սահմանափակումների՝ ըստ այդ պայմանագրի, յուրարաքանչյուր կողմը պետք է ունենա առավելագույնը 1500 միջուկային մարտագլխիկով հրթիռ ու մինչև 800 բալիստիկ հրթիռ՝ ներառյալ ատոմային սուզանավերի սպառազինությունները:

«Եվս մեկ վատ պայմանագիր, որ ԱՄՆ-ն կնքել է, դա Իրանի միջուկային ծրագրերի շուրջ պայմանագիրն է»,- ասել է Դոնալդ Թրամփը, նշելով որ Վաշինգտոնը պատրաստվում է այսուհետ «լավ պայմանագրերին ու գործարքներին միտված աշխատանք սկսել»: Հարցազրույցում, սակայն, Թրամփը հստակ չի նշում՝ արդյո՞ք մտադիր է քայլեր անել՝ New Start պայմանագիրը չեղարկելու կամ փոփոխելու ուղղությամբ:

«Ռոյթերզ»-ի հետ զրույցում Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև միջուկային մարտագլխիկներով միջին և փոքր հեռահարության թևավոր հրթիռների տեղկայումների հետ կապված հարցերին, նկատելով՝ ԱՄՆ-ն համարում է, որ Ռուսաստանը խախտում է նման հրթիռներն արգելող 1987 թվականի պայմանագիրը: «Ինձ համար դա մեծ հարց է»,- ասել է Թրամփը, նշելով, որ այդ խնդիրը կբարձրացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առջև, եթե հանդիպում ունենա նրա հետ: «Ես չգիտեմ, թե մենք երբ կհանդիպենք»,- այդուհանդերձ, հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

Ռուսաստանը, մինչդեռ, չի ընդունում, թե խախտում է միջին հեռահարության միջուկային հրթիռների վերահսկման պայմանագիրը: «Ռոյթերզ»-ը, հղում անելով Ploughshares Fund հակամիջուկային խմբին, նշում է, որ Ռուսաստանը 7300 միջուկային մարտագլխիկ ունի, իսկ Միացյալ Նահանգները՝ 6970:

ՌԴ խորհրդարանական շրջանակներն անմիջապես արձագանքել են ԱՄՆ-ի միջուկային զինանոցն ուժեղացնելու մասին Դոնալդ Թրամփի վերոհիշյալ հայտարարությանը: «Սա մինչ այժմ Թրամփի արած ամենամտահոգիչ արտահայտությունն է Ռուսաստանի վերաբերյալ»,- «Ֆեյսբուք»-ում գրել է Դաշնային Խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը:

Իսկ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին այսօր լրագրողներին ասել է, թե միջուկային սպառազինությունների հավասարակշռության սկզբունքները պետք է պահպանել․ չի կարելի թույլ տալ մեկ հզոր երկրի գերիշխանությունը, հակառակ դեպքում «աղավաղվում է միջազգային անվտանգության ամբողջ համակարգը և իմաստազրկվում են վերջին տասնամյակների ապառազմականացման բոլոր ջանքերը»:

Դոնալդ Թրամփը «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում մի շարք այլ թեմաներ էլ է շոշափել, թեև նրա խոսքի հիմնական մասը վերաբերել է միջուկային սպառազինությունների հետ կապված խնդիրներին: Այդ համատեքստում Թրամփը խոսել է նաև Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող բալիստիկ հրթիռների փորձարկումների մասին: Նա նույնիսկ չի բացառել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ իր հանդիպման հնարավորությունը: «Երբեք մի ասա երբեք»,- ասել է Թրամփը՝ այդուհանդերձ նկատելով, թե արդեն թերևս շատ ուշ է՝ «Նա իր գործողություններով շատ է զայրացրել մեզ: Մեծ հաշվով դա խնդիր է, որը պետք է լուծեր Օբամայի վարչակազմը»:

Թրամփը նշել է, թե Փհենյանը սպառնալիք է նաև ասիական տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցների՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի համար: «Հյուսիսային Կորեային զսպելու միջոցներից մեկը Ճապոնիայում և Հարավային Կորեայում հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումն արագացնելն է»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նրա խոսքով, Չինաստանը մեծ ազդեցություն ունի Փհենյանի վրա և ցանկության դեպքում կարող է հեշտությամբ լուծել Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրները: Չնայած միջազգային արգելքին ու պատժամիջոցներին, Հյուսիսային Կորեան վերջերս միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում էր իրականացրել Ճապոնական ծովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG