Մատչելիության հղումներ

«Կոալիցիա կկազմեմ, եթե կհամաձայնվեն, որ իմ 15 կետերը կատարվեն». Գագիկ Ծառուկյան


«Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը պատրաստ է կոալիցիա ցանկացած ուժի հետ, եթե ընդունվեն իր առաջ քաշած ծրագրային 15 կետերը:

«Առաջին խնդիրը 15 կետերն են իմ ժողովրդի համար․ կլինի՝ կմտնի, չի լինի՝ ուրեմն ոչ մեկի հետ էլ չի մտնի: Եթե որևիցե մեկը ցանկանումա իմ հետ մտնելու, ուրեմն, եթե իմ խոստումները իմ ժողովրդին կլինի, ես իմ պատիվը ասել եմ՝ չեմ վաճառում և այսօր ես կարիք չունեմ քաղաքականության մեջ լինել պաշտոնի համար, իմ խնդիրը՝ իմ ժողովրդին պարտք ունեմ տալու», - «Ազատությանը» տված հարցազրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ շարունակելով․ - «Ասել եմ՝ առաջինը 15 կետերնա: Եթե իմ գործընկերները, կոալիցիա կազմողները կհամաձայնվեն, որ իմ 15 կետերը կատարվի՝ ուրեմն կկազմեմ, եթե չէ՝ ուրեմն ոչ մեկի հետ էլ չեմ կազմի»:

Ծառուկյանը հայտարարեց, որ կոալիցիա կազմելու պարագայում վարչապետի պաշտոնը ստանձնելը իր համար առաջնահերթություն չէ․ - «Ես ասում եմ՝ պաշտոնի կարիք չունեմ: Հիմնական խնդիրը՝ դա ո՞վ պետք է անի: Եթե մենք նորմալ մարդ տեսանք, ուրեմն նա կանի: Եթե չի անի՝ ես կանեմ: Կարող է՝ կարճ ժամանակում՝ 3 ամիս, 6 ամիս․․․ համապատասխան կարգ-կանոն ստեղծելով, դնելով»:

Քննադատելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, արտագաղթը, գործազրկությունը, ժողովրդի մոտ առկա հուսալքությունը, Ծառուկյանը, միևնույն ժամանակ, չի ընդունում, որ այդ ամենի մեղավորը իշխանություններն են:

«Ես իշխանության անունը չեմ տվել: Հիմնական մեղավորները լրագրողները՝ դուք եք, որ մարդկանց թյուրիմացության մեջ եք դնում, պատվեր եք կատարում», - նախ հայտարարեց Ծառուկյանը՝ այնուհետև հավելելով․ - «Հիմնականում մեղավորը ընտրող ժողովուրդնա: Իրենք իրենց իրավունքը ճիշտ չեն կարողանում օգտագործել: Տվածա իրավունքը, թող գնան տան ու պահանջեն: Որ չեն տալի՝ ե՞ս եմ մեղավորը: Դու ի՞նչ կապ ունես՝ դու քո ագիտացիան կատարում ես, խնդիր չկա: Բայց էսօր մեղավորը ժողովուրդնա՝ չի գնում ընտրության, ներկայացվող ծրագիրը չի կարդում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG