Մատչելիության հղումներ

Իրաքում ԱՄՆ-ի ներգրավվածությունը շարունակվում է


Իրաք - Էրբիլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի դիմաց ցուցարարները երախտագիտություն են հայտնում Միացյալ Նահանգների նախագահին և վարչակազմին, 11-ը օգոստոսի, 2014թ․

Իրաք - Էրբիլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի դիմաց ցուցարարները երախտագիտություն են հայտնում Միացյալ Նահանգների նախագահին և վարչակազմին, 11-ը օգոստոսի, 2014թ․

Միացյալ Նահանգներն այս ընթացքում շարունակում է հարվածներ հասցնել սունի ծայրահեղական զինյալների ուղղությամբ:

Իրաքում խորանում է Արևմուտքի ներգրավվածությունը, որի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան առաքում են մարդասիրական օգնություն: Միացյալ Նահանգներն այս ընթացքում շարունակում է հարվածներ հասցնել սունի ծայրահեղական զինյալների ուղղությամբ:

Օդային առաքումների միջոցով կենսական անհրաժեշտություն ունեցող նյութերն առաքվում են Իրաքի հյուսիսում իսլամիստ զինյալների առաջխաղացման հետևանքով փախստական դարձած` տարածաշրջանի կրոնական փոքրամասնությունները ներկայացնող բազմաթիվ մարդկանց: Միացյալ Նահանգների օդուժն այս ընթացքում օդային հարվածներ է հասցնում Իրաքի հյուսիսային Էրբիլ քաղաքը վտանգող իսլամիստ զինյալների դիրքերի ու ռազմական սարքավորումների ուղղությամբ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, սակայն, բացառել է Իրաքում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի ներգրավվածության հնարավորությունը:

«Պետք է երաշխավորենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»-ը չի ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կարող են մահացու հարված հասցնել Իրաքին: Այս խնդրի լուծումը, սակայն, ժամանակ է պահանջելու», - ասել է նախագահ Օբաման:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդի համաձայն, Բաղդադին վերջ ի վերջո անհրաժեշտ կլինի գտնել քաղաքական լուծում: Նրա խոսքով, ակնկալվում է նոր կառավարության ստեղծումը, որը «պետք է լինի երկրում առկա խնդիրները լուծելու ներուժ ունեցող ներկայացուցչական կառավարություն»:

ԱՄՆ-ի Կոնգրեսում նախագահ Օբամայի քննադատները, մինչդեռ, պնդում են, որ Իրաքում ներգրավվածությունը կատարվել է չափազանց ուշ:

«Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները կրկին վկայում են Օբամայի և Քլինթընի արտաքին քաղաքականության ձախողման մասին: Ոգևորիչ է այն փաստը, որ նախագահը վերջ ի վերջո որոշակի առաջնորդություն է դրսևորել` լուրջ ընդունելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից ներկայացվող վտանգը», - շեշտել է հանրապետական սենատոր Թեդ Քրուզը:

Իրաքն այնուամենայնիվ աշխարհում միակ թեժ կետը չէ, որը պահանջում է Ամերիկայի ուշադրությունը:

«Ուշադրության կենտրոնում Իրաքն է, սակայն աշխարհում առկա են բազմաթիվ ճգնաժամեր: Հասկանալի է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հետ կապված իրավիճակի արմատները ձգվում են Սիրիա», - նշել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Հիլը:

Լրատվամիջոցները այս ընթացքում շարունակում են լայնորեն լուսաբանել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալների գործողությունները: Վերջիններս պնդում են, որ իրենց դրոշը օրերից մի օր կբարձրացվի ԱՄՆ-ի Սպիտակ տան վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG