Մատչելիության հղումներ

Ցուցարարների զանգվածային ձերբակալություններ Մինսկում


Բելառուս - Բուժքույրը ծնկաչոք աղոթում է ոստիկանական պատի առաջ, Մինսկ, 25-ը մարտի, 2017թ
Բելառուս - Բուժքույրը ծնկաչոք աղոթում է ոստիկանական պատի առաջ, Մինսկ, 25-ը մարտի, 2017թ

«Ազատության օր» Բելառուսում՝ հարյուրավոր ձերբակալվածներ, տասնյակ ծեծի ենթարկվածներ։ Մինսկի իշխանությունները հանգստյան օրերին կոշտ մեթոդների կիրառմամբ ցրել են մարդկանց, ովքեր ցանկանում էին մասնակցել խաղաղ ցույցին։ Ձերբակալվածների և բռնության ենթարկվածների թվում են լրագրողներ, հասարակական գործիչներ, ընդդիմադիր ակտվիստներ։

Նման սցենար Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ղեկավարվող Բելառուսում չէր կիրառվել 2010 թվականից ի վեր։ 7 տարի առաջ էլ նախագահական ընտրություններից հետո, երբ ցուցարարները դուրս եկան փողոց՝ բողոքելու կեղծված ընտրությունների դեմ, ուժի կիրառմամբ ձերբակալվեցին հազարավոր մարդիկ, այդ թվում՝ նախագահի թեկնածուները։ Շատերը դատապարտվեցին երկարամյա ազատազրկման։

Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես են հատուկ ջոկատայինները ցույցի եկած մարդկանց տապալում գետնին՝ անկախ սեռից և տարիքից, մահակներով հարվածներ հասցնում՝ շատ դեպքերում գլխի շրջանում, ինչից հետո քարշ են տալիս դեպի ոստիկանական մեքենաներ։

Մինչ այդ ոստիկանությունը խուզարկություններ էր իրականացրել երկրի այլ քաղաքներում։ Շաբաթ օրը «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստ Տատյանա Ռևակոն հայտարարել է, որ Մինսկում ավելի քան 700 ձերբակալված կա։ «Ձերբակալվածներից շատերը բռնության են ենթարկվել և բժշկական օգնության կարիք ունեն», - ասել էր նա։

Բելառուսի Ժողովրդական Հանրապետության ստեղծման 99-ամյակին նվիրված տոնը, որն ավանդաբար նշվում է ամեն տարի, այս անգամ այլ շեշտադրում ունեցավ։ Մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելու չեղարկել աշխատող քաղաքացիների այսպես կոչված «պորտաբուծության հարկը», որի պատճառով առանց այդ էլ տնտեսական խնդիրներ ունեցող Բելառուսում փետրվարից ի վեր զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում։

Դժգոհության մեծ ալիք բարձրացրած այդ նոր օրենքով՝ տարեկան 183 օրից պակաս աշխատող անձինք պարտավոր են մոտ 200 դոլար հարկ վճարել։

Իր ավելի քան քսանամյա կառավարման ընթացքում Լուկաշենկոն պարբերաբար ճնշել է ընդդիմադիրներին, անկախ լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը։

Մինչ այս իրադարձությունները Բելառուսի նախագահը մի շարք ելույթներ էր ունեցել, որոնցում պարբերաբար կրկնել էր, թե իր երկրում թույլ չի տա իրադարձությունների զարգացում ուկրաինական սցենարով։

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը խստորեն դատապարտել են տեղի ունեցածը։ Մինսկում ամերիկյան դեսպանության կայքէջում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ բելառուսական ոստիկանության գործողությունները հակասում են ժողովրդավարական սկզբունքներին։ Դիվանագիտական առաքելությունը Մինսկին կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG