Մատչելիության հղումներ

Շարմազանովը՝ Ծառուկյանին. «Հանրապետականն այնպիսի բան չի արել, որ մեզ ներեն»


«Հանրապետականն այնպիսի բան չի արել, որ մեզ ներեն», - այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Գագիկ Ծառուկյանի երեկ արված այն հայտարարությանը, թե ինքը բոլորին ներել է:

Շարմազանովն ասաց, որ Հանրապետականը ներողություն հայցում է միայն Տեր Աստծուց:

Հիշեցնենք, Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից անցած տարվա սկզբին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած սուր հակասությունից և փոխադարձ հնչեցրած վիրավորանքներից ու մեղադրանքներից հետո:

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե անհրաժեշտությունը լինի և կարկառուն քաղաքական գործիչները չկարողանան իրենց առջև դրված խնդիրները լուծել, ապա ինքը գուցե՞ վերադառնա քաղաքականություն։ Ի՞նչ եք կարծում, կա այսօր այդ անհրաժեշտությունը՝ նրա վերադարձի։

Շարմազանով. - Ի՞նչ իմանամ։ Կա, չկա ինքը պետք է որոշի։ Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ ով էլ վերադառնա, չվերադառնա, քաղաքականությունը պետք է ունենա իր կանոնները՝ քաղաքական մշակույթի կոռեկտության։ Երեկ ինքը խոսեց բարության և սիրո մասին, շատ դրական եմ գնահատում։

«Ազատություն». - Ասաց, որ ներել է բոլորին՝ նկատի ունենալով Հանրապետականին։

Շարմազանով. - Չեմ կարող ասել՝ ինքն ում նկատի ուներ։ Առհասարակ ներողամտությունը լավ բան է, ավելի լավ է բարություն անել, սիրել, ներողամիտ լինել, ներողություն հայցել, քան թե...

«Ազատություն». - Ողջունո՞ւմ եք, որ նա ներել է ձեր կողմից իր հասցեին հնչեցված բոլոր այդ պիտակավորումները, մեղադրանքները ծանր։

Շարմազանով. - Ես չգիտեմ՝ ինքն ում է ներել, ում չի ներել։ Ինձ ներելու կարիք չկա, որովհետև այնպիսի բան չենք արել, որ մեկը ների։ Մենք ներողություն հայցում ենք Տեր Աստծուց։

«Ազատություն». - Մեկը նրան սպառնում էր «բամփել», մյուսը նշում էր, որ «տարբեր ծանր հանցագործություններ կան օդում պտտվող»։

Շարմազանով. - Ես հիմա ասեմ՝ առհասարակ ինչքան քաղաքականության մեջ ներողամտությունը, սերը հանդուրժողականությունը, համերաշխությունն ու բարությունը շատ է, դա ողջունելի է։ Որտեղ կա զորբայություն, տգիտություն, անգրագիտություն, ես դրան դեմ եմ։

«Ազատություն». - Եթե Ծառուկյանը վերադառնա, իշխող Հանրապետականը կողջունի՞ նրա վերադարձը։

Շարմազանով. - Դա իր խնդիրն է։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, ես հիշում եմ, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ «քաղաքականությունը բազկամարտ չէ», այսինքն՝ հորդորելով Ծառուկյանին հեռու մնալ քաղաքականությունից։ Հիմա նա նորից ցանկանում է վերադառնալ, կարո՞ղ ենք ասել, որ սա, ըստ էության, համաձայնեցված է՝ նրա ակտիվությունը, իշխանությունների հետ, հենց նույն քաղաքական գործիչները կուլիսներում չեն թաքցնում, որ կա, կարծես թե, համաձայնություն նաև Սերժ Սարգսյանի հետ այս հարցում։

Շարմազանով. - Մի բան կարող եմ ասել, որ առջևում ոչ թե չարության ժամանակաշրջան է, առջևում համերաշխության, հանդուրժողականության, սիրո և բարության ժամանակաշրջան է։

«Ազատություն». - Ծառուկյանի հետ միասին։

Շարմազանով. - Բոլորս, նաև Ձեզ հետ միասին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին այսօր հարցրեցինք, թե հաշվի առնելով, որ Հանրապետականն արդեն խոսում է սիրո և համերաշխության մասին, կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հակասություններ այլևս չկան:

«Առհասարակ շատ մեծ ցանկությունն է, ի վերջո, որ Հայաստանի Հանրապետությունում բարության մթնոլորտը գերիշխի, կամեցողության մթնոլորտը գերիշխի, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը գերիշխի, միասին խնդիրների մասին մտահոգվելու և լուծման ճանապարհները գտնելու այս ցանկությունը գերիշխի, սրանք կարևորագույն զգացողություններ են, որոնց պետք է գործնական տեսքի տալ, կյանքի կոչել։ Կյանքում ի՞նչ տեսք կստանա, ի՞նչ բովանդակություն կստանա, ես ինքս զերծ կմնամ...»։

Արձագանքելով այն պնդումներին, թե Ծառուկյանը չէր փորձի քաղաքականապես ակտիվանալ, եթե այդ ամենը նախապես համաձայնեցրած չլիներ Սերժ Սարգսյանի հետ, ԲՀԿ խմբակցության քարտուղարն արձագանքեց. - «Ես վստահեցնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ ներգրավվելու հետագա ինչ զարգացումներ տեղի կունենան, դա բացառապես Գագիկ Ծառուկյանի որոշելու հարցն է, և որևիցե հարցում, ես վստահ եմ, նա կաշկանդված էլ չէ նման հայտարարությամբ հանդես գալու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG