Մատչելիության հղումներ

Ծառուկյանը եկել է «ոչ թե կոալիցիա կազմելու, այլ հաղթելու համար»


Չորեքշաբթի օրը Վայոց ձորի մարզում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե ինքը կոալիցիա կկազմի որևէ ուժի հետ՝ եթե իրենց 15 կետերը իրականացվեն կատարվեն: Այսօր Վեդի քաղաքում դաշինքի առաջնորդն ասաց, թե ինքը նկատի չի ունեցել Հանրապետական կուսակցությունը․ - «Մոտ օրերս Եղեգնաձորում ինձ հարց են տալիս մեր հարգարժան լրագրողները․ պարոն Ծառուկյան, հիսուն պլյուս մեկ որ չհավաքեք, կոալիցիա կարո՞ղ է կազմեք: Ասի՝ իհարկե, հիսուն պլյուս մեկ որ չհավաքեմ, անպայման կկազմեմ, կորոշեմ: Բայց՝ ում հետ, որոշողը ես եմ: Եթե քառասունութ տոկոս հավաքել եմ, պետք ա մի երեք տոկոս, որ կարողանանք իրոք մենք արդեն որոշենք, կկազմենք: Ասում ա՝ տե՛ս, Ծառուկյանը ասեց դաշինք կկազմենք․․․ Այ ցավդ տանեմ, ես ասե՞լ եմ ում հետ, ես ասե՞լ եմ իշխանության հետ: Ես ասել եմ՝ ես կորոշեմ ում հետ: Բայց ես էս անգամ գիտեմ, որ դաշինք կազմելու խնդիր էլ չի լինելու: Մենակ վերցնելու ենք, մենակ հաղթելու ենք և մեր ծրագրերն էլ իրականություն ենք դարձնելու: Նրանք փրփուրներից են ընկել՝ ինչ-որ տոկոս հավաքեն, որ խորհրդարան մտնեն: Մենք խորհրդարան մտնելու խնդիր չունենք: Ես պարտք ունեմ իմ ժողովրդին: Պարտքը ոչ թե բարեգործությունն է: Իմ պարտքը ժողովրդին պայման ու հնարավորություն ստեղծելն ա»:

Վեդիում Ծառուկյանը պատմեց, որ նախորդ՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ինքն իշխանությունների հետ կոալիցիա չի կազմել, չնայած, որ իրենց ուժին 6-7 նախարարի և 4 մարզպետի պաշտոն է առաջարկվել:

Հերթական անգամ «Ծառուկյան դաշինքի» ղեկավարը քաղաքացիներին կոչ արեց խաղաղ ճանապարհով համակարգ փոխել՝ հիշեցնելով, որ ինքը 2 տարի առաջ դուրս եկավ քաղաքականությունից՝ արյունահեղություն թույլ չտալու համար․ - «Ես չեմ ցանկացել ժողովրդի մատից արյուն թափի, հեղաշրջում լինի: Ես իմ վրա եմ վերցրել: Գնացել եմ, հարց չկա, ասել եմ, պետք ա, քաղաքականությունից դուրս եմ գալիս: Ո՛չ իմ թիմին վտանգեմ, ո՛չ իմ ժողովրդին: Ես քաղաքականությամբ չեմ ապրում: Ուզեցել եմ լավ բան անեմ: Բայց տեսել եմ, նորից էդ տեղը ոչ մեկ չլրացրեց, ոչ մի բան չփոխվեց, ավելի ծանրացավ, ավելի վատացավ: Եկան համոզելով՝ Ծառուկյան ջան, քեզ հավատացել ենք, սպասում են, փրկի մեզ․․․ Մարդ ես, եթե կարաս փրկես, ո՞վ կարող ա քեզ հետո ասի, որ լավ ես արել, որ չես մասնակցել»:

«Ծառուկյան դաշինքի» առաջնորդի խոսքը լսելու համար հատկապես մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել Արտաշատ քաղաքում: Արարատի մարզում Ծառուկյանին ուղեկցում էր իշխող Հանրապետականի շարքերը վերջերս լքած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Զբաղեցնելով Արտաշատի քաղաքապետի պաշտոնը՝ Աբրահամյանը, ով նաև գործարարի փեսան է, Արարատի մարզում առաջադրվել է «Ծառուկյան դաշինքի» կողմից:

Խնդրագրերի ու Ծառուկյանից փրկություն հայցող քաղաքացիների հոսքը Արարատի մարզում ևս մեծաթիվ էր: Վեդիում մի տարեց մարդ մեծահարուստ գործարարին սպառնաց, որ իր խնդրանքը չկատարելու դեպքում կգնա Ադրբեջան:

Քաղաքացիներից մեկն էլ դժգոհեց, որ Արարատի մարզում «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Արգամ Աբրահամյանի հայրը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի արել իր հայրենի մարզի համար: Ծառուկյանը պնդեց, որ դժգոհող քաղաքացին ուղղորդված է․ - «Տղուդ արև երդվի, քեզ ո՞վ ա ուղարկել․․․»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG