Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Չեմ կարծում` «Ծառուկյան» դաշինքում արմատական ընդդիմադիրներ են»


Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երեկ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունից, սակայն նշեց՝ քանի որ հարցը գտնվում է նախաքննական փուլում, ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց։

«Ազգային անվտանգության ծառայությունը տվել է պաշտոնական հաղորդագրություն, ոչ թե հաղորդագրություններ, ավելին՝ դրա մասին խոսել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարը։ Քանի որ խնդրահարույց հարցը գտնվում է նախաքննության փուլում, ուստի որպես նաև թե՛ կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, թե՛ որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, որպեսզի իմ որևէ գնահատականը, որպես միջամտություն նախաքննության մարմնի գործունեությանը չդիտվի», - ասաց Շարմազանովը՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային անվտանգության ծառայությունը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի թե՛ քաղաքացիներին, թե՛ փաստաբանին գործի մանրամասներին։

«Ազատության» դիտարկմանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քաղաքական ենթատեքստ է տեսնում Բաբայանի ձերբակալության մեջ և հայտարարում, որ սա «ճնշում է» ընդդիմադիր ուժի նկատմամբ, Շարմազանովն այսպես արձագանքեց. - «Ինչ վերաբերում է ՕՐՕ-ի հետ կապված և ընդդիմության քննադատության հետ կապված, նախ՝ ընդդիմադիրները չեն, այլ ընդդիմության մի փոքր հատվածը։ Ես գտնում եմ, որ լավագույն ճանապարհն այդ չէ՝ ամեն ինչի մասին՝ յուրաքանչյուր ձերբակալություն, յուրաքանչյուր իրավական գործընթաց, փորձել քաղաքականացնել, սեփական՝ առանց այդ էլ շատ ցածր վարկանիշը ավելացնելու համար»։

Ըստ ՀՀԿ խոսնակի, քաղաքական որևէ շահարկում անթույլատրելի է։ «Խնդիրն իրավական տիրույթում է, և այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները, և ամեն ինչ լինելու է օրենքով սահմանված կարգով», - ասաց Շարմազանովը։

«Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է կոալիցիա կազմել ցանկացած ուժի հետ, եթե ընդունվեն իր առաջ քաշած ծրագրային 15 կետերը:

Անդրադառնալով Ծառուկյանի այս հայտարարությանը՝ Շարմազանովն ասաց. - «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որևէ կուսակցության հետ՝ բացառությամբ Հայ հեղափոխական դաշնակցության, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետընտրական զարգացումների հարց չի քննարկել, այդ թվում՝ նաև «Ծառուկյան» դաշինքի։ Չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքում արմատական ընդդիմադիրներ են, և մեր քաղաքացիներից շատերն, այդ թվում՝ նաև միգուցե հենց «Ծառուկյան» դաշինքում ընդգրկված որոշ գործիչներ, որոնց թիվը քիչ չէ, հենց «Ծառուկյան» դաշինքին ընդդիմադիր չեն էլ համարում։ Ինչ վերաբերում է, թե մենք ապագայում կկազմենք կոալիցիա, թե՝ չէ, ամեն ինչ ցույց կտա ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները։ Ապրիլի 2-ին ընտրություններից հետո մենք նախևառաջ՝ Ա) կֆիքսենք, թե որ ուժերն են իրավունք ձեռք բերել ունենալ խմբակցություններ նոր խորհրդարանում, Բ) կա ուժ, որը կարող է միայնակ կազմել կառավարություն։ Բնականաբար կոալիցիաները ինքնանպատակ չեն լինելու, բոլոր կոալիցիաները, մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգում, լինելու են թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո կոալիցիաներ, և որի հիմքը պետք է լինի ընդհանուր ծրագրային տեսլականը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG