Մատչելիության հղումներ

Գյումրեցի փաստաբաններն ահազանգում են օրենքի ոչ-իրավաչափ կիրառման դեպքերի մասին


Նրանց մտահոգում է, որ վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ քաղաքացիներին ոստիկանության կամ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանք է առաջադրվում:

Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2008 թվականին մի շարք ընդդիմադիր գործիչներ ազատազրկման դատապարտվեցին միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Հիմա ևս շարունակվում են մի շարք ակտիվիստների նկատմամբ այդ նույն հոդվածով հարուցված քրեական գործերով դատավարությունները:

Նշված հոդվածը մինչև հինգ տարվա ազատարկում է սահմանում: Փաստաբան Թամարա Յայլոյանի պնդմամբ՝ իր պաշտպանյալներից մեկի գործի նյութերում, բացի ոստիկանների ցուցմունքներից, այլ ապացույց չկա․ - «Ընդամենը միայն ոստիկանների ցուցմունքներ են, և մեր պաշտպանյալների ցուցմունքներն են: Եվ չգիտես ինչու, մշտապես նախաքննության մարմինը, հետագայում նաև դատարանը արժանահավատ դիտում է ոստիկանության աշխատողների ցուցմունքները»:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը հավելեց, որ իր պաշտանյալներին քաղաքացիական հագուստով անձինք են մոտեցել, բայց հետո պարզվել է, որ ոստիկաններ են․ - «Գործով արդեն ներգրավվել է տասը մեղադրյալ․․․ և երեք ոստիկան՝ տուժող: Ընդ որում, տասը մեղադրյալներից մեծամասնության վրա կան մարմնական վնասվածքներ: Սակայն այսօր նրանք են կալանքի տակ և ոչ ոստիկանները: Նախաքննության փուլում ես շատ բան չեմ կարող ասել, սակայն, երբ նայում ես գործի փաստերը, պահանջ էլ չի եղել, պարզ էլ չի, թե ինչին են դիմադրել: Կիրառման պրակտիկան է խայտառակ»:

Թամարա Յայլոյանն ասաց․ - «Հիմա պատկերացրեք Ձեզ մոտենում է ոստիկանը և անօրինական պահանջներ է ներկայացնում՝ էստեղ չպետք է կանգնես, էստեղ չպետք է նկարահանես: Ու հետն էլ մոտենում է Ձեզ: Շատ մոտենալու դեպքում, ենթադրենք, Դուք ձեռքով իրան հրեք, թե՝ հեռու մնա ինձանից․․․ Ինքը ձեզ քաշքշի, Դուք էլ իրեն քաշքշեք․․․ Ձեզ տանում են էնտեղ ու ոստիկանությունում ներկայացնում են, որ Դուք դիմադրություն ցույց տվեցիք ոստիկանին»:

Փաստաբանները կարծում են, որ եթե 316-րդ հոդվածի ոչ-իրավաչափ կիրառման արդյունքում ամբաստանյալի կարգավիճակում իշխանության ներկայացուցիչը կամ ոստիկանը հայտնվի, ապա քաղաքացու նկատմամբ նույնպիսի մեղարդանք առաջադրելուց առաջ ոստիկանը կմտածի: Իսկ հիմա այդ հոդվածով քաղաքացուն պարզապես վախեցնում են․ - «Նախ և առաջ դա վախեցնել է: Երկրորդը, ինչքան բեսպերդել են աշխատում, էնքան հեշտ է լինում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG