Մատչելիության հղումներ

Միավորված ազգերի կազմակերպությունը Հյուսիսային Իրաքում մեկնարկել է 30 տարվա ընթացքում իրականացված օգնության ամենալայնածավալ միջոցառումները

Սունի ծայրահեղականների «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացվող գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ փախստական են դարձել:

Իրաքի Քրդստանի ինքնավար տարածաշրջանի հետ նավթի արդյունահանման հարցով ունեցած տարաձայնությունների հետևանքով Բաղդադը կրճատել է տարածաշրջանի բյուջեն: Լոնդոնում Քրդստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Բայան Սամի Աբդուլ Ռահմանի վկայությամբ, տարածաշրջանը մենակ չի կարողանալու կարգավորել փախստականների ներհոսքի հետևանքով առաջ եկող խնդիրները:

«Մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության մարդասիրական լուրջ աջակցությունը: Այլապես կձևավորվեն բարենպաստ պայմաններ` համաճարակների համար, և իրավիճակը Քրդստանում է՛լ ավելի է սրվելու», - ասում է նա:

ՄԱԿ-ը սկսել է մոտ կես միլիոն փախստականի կենսական անհրաժեշտության օգնություն մատակարարելու ծրագիր իրականացնել:

«Այս գործողությունները, ըստ էության, ՄԱԿ-ի կողմից 30 տարվա ընթացքում մարդասիրական օգնության տրամադրման ամենալայնածավալ միջոցառումներն են, որոնց անհրաժեշտությունը առաջացել է չափազանց կարճ ժամանակում բազմաթիվ մարդկանց տեղահանման հետևանքով», - ասում է ՄԱԿ-ի գործողությունների համակարգող Մարցիո Բաբիլեն:

Մարդասիրական օգնությունը տեղափոխվում է Հորդանանից և Արաբական Միացյալ Էմիրություններից, լրացուցիչ առաքումներ են նախատեսվում նաև Թուրքիայից և Իրանից:

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին այցելել է Իրբիլ քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարներից մեկը: Այցի ընթացքում նա հույս է հայտնել, որ Իրաքի նոր վարչապետ Հայդեր ալ-Աբադին կկարողանա լուծում գտնել հետզհետե ահագնացող մարդասիրական ճգնաժամին:

«Հուսով ենք, որ ալ-Աբադին կկարողանա արագ ստեղծել նախարարների խորհուրդ, որին կհաջողվի արդարացնել Իրաքի ամբողջ բնակչության, ինչու ոչ` ամբողջ աշխարհի սպասումները», - նշել է Իտալիայի վարչապետը:

Իրաքի իշխանությունների համոզմամբ, միջազգային հանրությունը պետք է այժմ օգնի երկրում առկա երկու ճգնաժամի` «Իսլամական պետության» դեմ պայքարի և իսլամիստների այս խմբավորման գործողությունների հետևանքով ձևավորված մարդասիրական ճգնաժամի կարգավորման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG